Մատչելի հղումներ

Ճապոնիայի իշխանությունները հրապարակելու են ճառագայթման վերաբերյալ գաղտնի տվյալներ


Ճապոնիայի իշխանությունները հրապարակելու են ճառագայթման վերաբերյալ գաղտնի տվյալներ

Ճապոնիայի իշխանությունները սկսելու են հրապարակել «Ֆուկուշիմա» ատոմակայանից ճառագայթման հնարավոր տարածման մասին տվյալներ, որոնք մինչ այժմ թաքցվել են։

«Էն-Էյչ-Քեյ» ճապոնական հեռուստատեսությունը հաղորդել է, որ տվյալները երեքշաբթի օրը հրապարակվելու են երկրի Գիտության նախարարության և միջուկային կարգավորման հարցով զբաղվող գործակալությունների կայքերում։

«Ֆուկուշիմա» ատոմակայանում շարունակվող ճգնաժամի հետևանքների վերացման աշխատանքային խմբի ղեկավար Գոշի Հոսոնոն երկուշաբթի օրը հայտնել է, թե իրադարձությունների տարբեր զարգացումների դեպքում ճառագայթման տարածումը կանխորոշող համակարգի միջոցով պետական մարմինները ճառագայթման մակարդակի մոտ 5 000 չափում են իրականացրել՝ հավելելով, որ վատագույն սցենարներին վերաբերող տվյալները չեն հրապարակվել՝ զանգվածային խուճապից խուսափելու մտավախության պատճառով։

Նա սակայն ասել է, թե կառավարությունն այժմ կարծում է, որ նույնիսկ եթե տեղեկությունները ցնցող լինեն, խուճապից հնարավոր կլինի խուսափել՝ համապատասխան բացատրություններ ներկայացնելու միջոցով։

Աշխատանքային խմբի ղեկավարը ներողություն է խնդրել տվյալների հրապարակումը հետաձգելու համար։

Ճապոնիայի ոստիկանության տվյալներով, մարտի 11-ին տեղի ունեցած տարերային աղետի պատճառով զոհվել է ավելի քան 14 700, անհայտ կորած կամ մահացած է համարվում ավելի քան 10 800, ժամանակավոր կացարաններում դեռևս բնակվում է մոտ 126 000 մարդ։

XS
SM
MD
LG