Մատչելի հղումներ

Վախճանվել է Ջեք Գևորգյանը


Ջեք Գևորգյանը ցուցարդում է իր կողմից մշակված «ինքնասպանության մեքենան» (արխիվային լուսանկար)
Ջեք Գևորգյանը ցուցարդում է իր կողմից մշակված «ինքնասպանության մեքենան» (արխիվային լուսանկար)

Հայազգի ախտաբան Ջեք Գևորգյանը, որը նաև հայտնի է որպես «Բժիշկ Մահ», կյանքից հեռացել է ուրբաթ առավոտյան` 83 տարեկան հասակում:

Գևորգյանի փաստաբան և ընկեր Մեյեր Մորգանռոթի համաձայն, նա վախճանվել է Միչիգան նահանգի Ռոյալ Օուք քաղաքի Բոմոնտ հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր մոտ երկու շաբաթ առաջ` երիկամների և սրտի աշխատանքի խնդիրների պատճառով:

Գևորգյանը ծնվել էր Միչիգան նահանգի Պոնտիաք քաղաքում` հայ գաղթականների ընտանիքում:

Ախտաբան Գևորգյանը, որը եղել է նաև նկարիչ և կոմպոզիտոր, 1990 թվականից թույլատրել է Ալցհայմերի հիվանդությամբ տառապող անձանց օգտագործել իր կողմից մշակված սարքը` էֆթանազիայի միջոցով կյանքից հեռանալու համար:

Նա չորս անգամ շահել է Միչիգան նահանգի դատախազության կողմից իր դեմ հարուցված գործերը, սակայն 1999 թվականին դատապարտվել է 10-ից 25 տարի ազատազրկման` երկրորդ աստիճանի սպանություն գործելու մեղադրանքով:

Գևորգյանին վաղաժամկետ-պայմանական ազատում է շնորհվել 2007 թվականին, որի պայմաններից մեկը եղել է այն, որ նա այլևս չպիտի զբաղվեր էֆթանազիայի իրականացմամբ:

2010 թվականին ռեժիսոր Բարրի Լևինսոնի կողմից նկարահանվել է «Դուք չեք ճանաչում Ջեքին» կինոնկարը, որտեղ Ջեք Գևորգյանի դերը կատարել է աշխարհահռչակ դերասան Ալ Պաչինոն:

ԱՄՆ-ում էֆթանազիան օրինականացվել է ընդամենը մի քանի նահանգում: Էֆթանազիան առաջինն օրինականացվել է 1997 թվականին Օրեգոն նահանգում, որից տասը տարի անց` Վաշինգտոն նահանգում: Մոնտանա նահանգի գերագույն դատարանի կողմից ընդունված որոշման համաձայն, էվթանազիայի իրականացումն օրինականացվել է նաև այս նահանգում:

XS
SM
MD
LG