Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, որը մուտք է գործել երկրի քաղաքական ասպարեզ՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին և իշխող մեծամասնությանը մարտահրավեր նետելու նպատակով, հանդես է եկել իր կողմնակիցներին մայիսի 27-ին կայանալիք հավաքին մասնակցելու կոչով՝ այսպիսով մեկնարկելով իր նախընտրական քարոզարշավը:
«Հավաքը նպատակ չի հետապնդում դառնալու որևէ բախումների պատճառը: Մենք պարզապես կանցնենք մոտ մեկ ժամ տևողությամբ երթով, որը կավարտվի Ազատության հրապարակում 20-ից 30 րոպե տևողությամբ հանրահավաքով: «Ինչու՞ է դա մեզ պետք» հարցին կա շատ պարզ պատասխան՝ ցանկանում ենք ցույց տալ մեր և բնակչության վճռականությունը», - ասել է Իվանիշվիլին «Ռոյթերս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
«Ֆորբս» հանդեսի գնահատմամբ մոտ 6,4 միլիարդ դոլար կարողությամբ միլիարդատեր Իվանիշվիլին Վրաստանում անցյալ տարվա հոկտեմբերից մեկնարկել է քաղաքական իր շարժումը և հրաժարական ներկայացնելու կոչ է անում նախագահ Սահակաշվիլիին:
Թբիլիսիի Ազատության հրապարակում մայիսի 27-ին կայանալիք հանրահավաքը լինելու է Իվանիշվիլիի «Վրացական երազանց» շարժման քաղաքացիական առաջին ակցիան և կդառնա նոր շարժման ժողովրդականության առաջին փորձը:
Երկրի նախագահ Սահակաշվիլին մեղադրել է Իվանիշվիլիին, որը վերլուծաբաններին կարխիքով զգալի վտանգ է ներկայացնում կառավարության համար՝ ինչպես ֆինանսական իր հսկա պաշարների, այնպես էր անցյալում քաղաքական մեքենայություններում ներգրավված չլինելու պատճառով, Կրեմլի կամակատարը լինելու մեջ:
Իվանիշվիլին վերջերս հայտարարել է Ռուսաստանում ունեցած իր ակտիվների վաճառքի մասին, որոնք, ըստ միլիադատերի, կազմում են իր ունեցվածքի մեկ երրորդը, և որոնց վաճառքը պետք է ավարտվի մինչև մայիս ամսվա վերջ: Նրա համաձայն, իր ակտիվների հիմնական մասը կազմում են բաժնետոմսերը կամ օտարերկրյա բանկերում գտնվող ակտիվները: