Հունիսի 16-ին Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Գազայի գոտու նկատմամբ կիրառվող շրջափակումը մեղմելու հնարավորությունը:
Խորհրդի քննարկման օրակարգի հիմնական հարցերից է Գազայի գոտի տեղափոխվող ապրանքատեսակների ցանկի ընդլայնումը: Միաժամանակ, քննարկվում է նաև չթույլատրվող ապրանքների ցուցակը: Դրանք ենթադրաբար այն ապրանքներն են, որոնք կարող են օգտագործվել զենքի արտադրության նպատակով:
Գազայի գոտու շրջափակմանը վերաբերող այս նոր մոտեցումն արդյունք է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, այժմ Մերձավոր Արևելքի «միջազգային քառյակ» խմբի հատուկ հանձնակատար Թոնի Բլեերի համատեղ աշխատանքի:
Իսրայելական կողմը դեպի Գազայի գոտի շինանյութի, մասնավորապես ցեմենտի և մետաղական պարագաների առաքման թույլտվությունը նույնպես հավանական է համարում: