Մատչելի հղումներ

«Այզեք»-ը թուլացել է, սակայն դեռևս վտանգ է ներկայացնում


Նյու Օռլեանում պարետային ժամ է հայտարարվել

«Այզեք» մրրիկը թուլացել է՝ վերածվելով արևադարձային փոթորկի, որը, դանդաղ շարժվելով Լուիզիանա նահանգի Նյու Օռլեան քաղաքի վրայով, փորձության է ենթարկում քաղաքի ամբարտակները, որոնց յոթ տարի առաջ մեծ վնասներ էր հասցրել «Կատրինա» մրրիկը:

«Այզեք»-ը շատ ավելի թույլ է Լուիզիանա և Միսիսիպի նահանգների վրայով 2005 թվականին անցած «Կատրինա»-ից», սակայն այս փոթորիկը, դանդաղ շարժվելով Լուիզիանայի տարածքի վրայով, դեռևս կարող է առաջացնել ջրի մակարդակի մեծ վտանգ ներկայացնող կտրուկ բարձրացում:

Փոթորկի առաջացրած քամիները փորձության են ենթարկում Նյու Օռլեանի շուրջ գտնվող ամբարտակների համակարգի ամրությունը, որի վերանորոգման վրա 2005 թվականի տարերային աղետից հետո դաշնային բյուջեից ծախսվել է 14 միլիարդ դոլար:
ԱՄՆ-ի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանման ծառայողների համաձայն, ամբարտակները մինչ այժմ հիմնականում դիմանում են փոթորկի և ալիքների հարվածին: Լուիզիանայի նահանգապետ Բոբի Ջինդալը սակայն ասել է, որ հեղեղված տարածքներում կարող է անհրաժեշտ լինել քանդել որոշ ամբարտակներ՝ պաշտպանիչ այս կառույցների համակարգում մեծ ավերածություններից խուսափելու նպատակով:

Փոթորիկը, դանդաղ անցնելով Նյու Օռլեանի վրայով, մի քանի ժամ չի տեղաշարժվել քաղաքից՝ որոշ տարածքներում առաջ բերելով մինչև 50 սանտիմետր տեղումներ: Միսիսիպի գետի արևմտյան ափին գտնվող քաղաքի շրջաններից մեկը ենթարկվել է հարկադիր էվակուացման՝ քամուց առաջացած վտանգավոր ջրհեղեղի պատճառով:

Նյու Օռլեանի քաղաքագլուխը քաղաքում պարետային ժամ է հայտարարել:
XS
SM
MD
LG