Մատչելի հղումներ

Իրաքում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում


Ընտրությունների արդյունքում չի ակնկալվում, որ Իրաքում գործող որևէ կուսակցություն կստանա ձայների մեծամասնությունը

Իրաքում չորեքշաբթի օրն անցկացվում են Միացյալ Նահանգների զինված ստորաբաժանումների 2011 թվականին դուրսբերումից հետո խորհրդարանական առաջին ընտրությունները, որոնց ընթացքում քվեարկողներն իրենց ձայները կտան՝ ընտրելու համար երկրի 328 տեղ ունեցող խորհրդարանը:

Ընտրությունների կապակցությամբ երկրում ձեռնարկվում են անվտանգության խիստ միջոցներ:

Իրաքում անցկացվող խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկրի ներկայիս վարչապետ Նուռի ալ-Մալիքին արդեն երրորդ անգամ կդնի իր թեկնածությունը:

Վարչապետ ալ-Մալիքին չորեքշաբթի օրը քվեարկել է Բաղդադի ընտրատարածքներից մեկում և հորդորել Իրաքի բնակիչներին ակտիվ մասնակցել ընտրություններին:

Վերլուծաբանների համաձայն, ընտրողներն իրենց ձայները կտան ըստ իրենց կրոնական պատկանելիության: Ընտրությունների արդյունքում չի ակնկալվում, որ Իրաքում գործող որևէ կուսակցություն կստանա ձայների մեծամասնությունը:

Միավորված ազգերի կազմակերպության և տեղական պաշտոնյաների կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն, անցյալ տարի Իրաքում տեղի ունեցած բռնությունների հետևանքով զոհվել է 7800 մարդ, իսկ ևս 2600 մարդ զոհվել է 2014 թվականին երկրում տեղի ունեցած բռնությունների հետևանքով:

Իրաքում ընտրություններին նախորդող երկուշաբթի և երեքշաբթի օրերին նույնպես տեղի էին ունեցել հարձակումներ, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 65 մարդ: Այս հարձակումների համար որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել, սակայն Իրաքում քաղաքական գործընթացը խաթարելու նպատակով նման գործողությունների իրականացման մեջ մեղադրում են սունի զինյալներին:
XS
SM
MD
LG