Իրաքում կանայք հաճախ կրում են պատերազմի բեռը: 1980 թվականից ի վեր երեք պատերազմներից, կրոնական հակասություններից և ահաբեկչական հարձակումներից հետո նրանցից շատերն են կորցրել հարազատների:
Իրաքի ավանդույթների համաձայն՝ կանայք այն սոսինձն են, որ միասին է պահում հասարակությունը: Ակնկալվում է, որ նրանք հոգ պետք է տանեն իրենց ընտանիքների համար՝ անկախ դժվարություններից:
Սադիա Ջաբարը վեց երեխա ունեցող այրի է: 2004 թվականին ահաբեկիչները սպանել են նրա որդիներից մեկին, քանի որ աշխատում էր ամերիկյան ընկերությունում:
«Չգիտեմ՝ ինչ անել, աշխարհը փլվում է իմ առջև: Մենք սկսեցինք կահույքը վաճառել հիվանդ երեխայիս դեղորայք գնելու համար: Դպրոց չկա, ամեն ինչ վատ է, երեխաս հիվանդ է: Սա մահից էլ վատ է», - ասում է նա:
Կանանց օժանդակող խմբի միջոցով Ջաբարն այժմ վաճառում է իր կարած հագուստները: Սակայն նա հոռետես է իր ապագայի նկատմամբ:
«Սպասում եմ, որ ամեն ինչ ավելի կվատանա: Ոմանք վախենում են ամերիկացիներից, սակայն կարծում եմ՝ ամեն ինչ կվատանա կռիվների և կառավարության պառակտվածության պատճառով» - ասում է Ջաբարը:
Ուսուցիչ Վամիդ Մարհուն կառավարության նկատմամբ հավատ չունի և լավատես չէ երեխաների ապագայի համար:
«Ամենամեծ խնդիրը կրոնական հակամարտությունները, կոռուպցիան և քաղաքական իրավիճակն է: Ամեն ինչ՝ քաղաքականությունը, ավերումը, անկայունությունը, անվտանգության պակասը: Բոլորին հետաքրքրում է դրամը և ոչ ոք չի մտածում ժողովրդի մասին, մեր մասին», - ասում է Մարհուն:
Հաճախ կանայք են հոգ տանում իրենց ընտանիքների և մահացած հարազատների երեխաների համար:
Մարդու իրավունքների ջատագով Սունդուս Աբասի խոսքերով՝ այդ ամենի հետ մեկտեղ կրոնական խմբերը քայքայում են կանանց ազատությունը:
«Նրանք խոսում են մեր անձնական ազատությունների մասին՝ ինչ պետք է հագնենք, արդյոք պետք է աշխատենք, արդյոք կարող ենք սովորել, արդյոք համալսարանական կրթություն կարող ենք ստանալ, մեքենա վարել՝ այս ամբողջը անբնական է մեր հասարակության համար», - ասում է Աբասը:
Աբասի եղբորը սպանել են 2006 թվականին կրոնական խմբերի միջև պայքարի ժամանակ: Նա վախենում է այդ բռնության կրկնությունից և համոզված է, որ մոտ ապագայում Իրաքում բռնությունները է՛լ ավելի կսաստկանան:
Ապագան է, որ մտահոգում է շատ իրաքցիների: Նրանք համոզված չեն, որ կառավարությունը ի զորու է խուսափել կրոնական լարվածությունից, ինչը հինգ տարի առաջ երկիրը հասցրեց քաղաքացիական պատերազմի: