Իրաքի իշխանությունները ստորագրել են ամերիկյան «Lockheed Martin» ընկերության կողմից արտադրված 18 կործանիչ գնելու մասին պայմանագիր` նախատեսելով բարելավել երկրի օդային տարածքի պաշտպանվածությունը:
Երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի խորհրդականը երեքշաբթի օրը հայտնել է, որ Իրաքն արդեն վճարել է «F-16» մակնիշի ռազմական օդանավերի գնման կանխավճարը, սակայն գործարքի արժեքի վերաբերյալ մանրամասներ չի տրամադրել:
Այս տարի Իրաքի նավթարդյունաբերությունը եկամուտները զգալի աճ է գրանցել, և երկրի իշխանությունները հայտնել են, որ նախատեսում են գնել ընդհանուր թվով 36 կործանիչ: Այս տարվա սկզբին սակայն կառավարությունը կասեցրել է 900 միլիոն դոլար արժողությամբ կործանիչների գնման գործարքը` ուղղելով այդ գումարը իր սոցիալական պարտավորությունները կատարելու վրա:
«Lockheed Martin» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ողջունել է Իրաքը` որպես «F-16» մակնիշի կործանիչներ իր զինված ուժերի զինանոցում ընդգրկած 26-րդ պետություն:
Նախատեսվում է, որ Իրաքում մնացող ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումները դուրս են բերվելու մինչև այս տարվա ավարտը: Միացյալ Նահանգների և Իրաքի պաշտոնատար անձինք նախկինում հայտնել են, որ Իրաքի ուժերը ունակ են ապահովելու անվտանգությունը երկրի ներսում, սակայն երկրի սահմանները, օդային տարածքը և տարածքային ջրերը պաշտպանելու համար ծանր զենքեր օգտագործելու նպատակով իրենց հարկավոր է ձեռք բերել լրացուցիչ փորձ: