Մատչելի հղումներ

«Իրաքը դիմել է ԱՄՆ-ին՝ «ալ-Քաիդա»-ի ուղղությամբ հարվածներ հասցնելու խնդրանքով». «Նյու Յորք Թայմս»


Իրաքը նախատեսում է թույլատրել Միացյալ Նահանգներին «ալ-Քաիդա»-ի զինյալների ուղղությամբ օդաչուների կողմից կառավարվող և անօդաչու օդանավերի կիրառմամբ օդային հարվածների իրականացումը

Իրաքի վարչապետ Նուռի ալ-Մալիքին դիմել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին՝ Իրաքի կառավարական ուժերի դեմ հաջող գրոհներ իրականացնող «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող զինյալների դիրքերի ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու գաղտնի խնդրանքով:

Այս մասին տեղեկացրել է ամերիկյան «Նյու Յորք Թայմս» պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Իրաքի պետական մարմինների աղբյուրները:

Պարբերականը մեջ է բերում Բաղդադ այդ տարի ավելի վաղ այցելած ամերիկյան փորձագետներից մեկի խոսքերը, որի համաձայն Իրաքի առաջնորդները փորձում են ներգրավել ամերիկյան օդուժը՝ Իրաքում զինյալների ռազմական և վերապատրաստման ճամբարների ուղղությամբ հարվածներ հասցնելու, ինչպես նաև Սիրիայից նրանց ներթափանցումը դադարեցնելու նպատակով:

Ամերիկյան «Ուոլ Ստրիտ Ջորնըլ» պարբերականն իր հերթին, վկայակոչելով ԱՄՆ-ի կառավարության աղբյուրները, տեղեկացրել է, որ Իրաքը նախատեսում է թույլատրել Միացյալ Նահանգներին «ալ-Քաիդա»-ի զինյալների ուղղությամբ օդաչուների կողմից կառավարվող և անօդաչու օդանավերի կիրառմամբ օդային հարվածների իրականացումը:

«Չենք ցանկանում բացահայտել դիվանագիտական մեր բանակցությունների մանրամասները, սակայն Իրաքի կառավարությունը նշել է, որ ողջունում է զինյալների դեմ ուղղված մեր պայքարը», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բերնադետ Միհանը:

ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Միհանի համաձայն, այս տարվա սկզբից Միացյալ Նահանգներն արագացված կարգով Իրաք ռազմական սարքավորումներ է ուղարկում, ակտիվացրել է Իրաքի հատուկ ստորաբաժանումների վերապատրաստման աշխատանքները, ինչպես նաև իրականացրել է մեծածավալ աշխատանքներ՝ օգնելու համար Իրաքին մշակել ահաբեկչական այս վտանգի դեմ պայքարի համակարգված մոտեցում:

Հիշեցնենք, որ «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները նախօրեին վերահսկողություն էին հաստատել Իրաքի Տիկիտ քաղաքի նկատմամբ, իսկ ավելի վաղ՝ այս երկրի խոշորագույն երկրորդ Մոսուլ քաղաքը:

Միգրացիայի միջազգային կազմակերպության գնահատականների համաձայն, «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության զինյալների կողմից Մոսուլ քաղաքը գրավելուց հետո այնտեղ բռնությունների ծավալման սպառնալիքի հետևանքով իրենց տներն է լքել ավելի քան 500 հազար մարդ:
XS
SM
MD
LG