ԱՄՆ-ի կառավարության վերահսկողական գործակալություններից մեկը քննադատության է արժանացրել Իրաքում ոստիկաններ նախապատրաստելու ծրագիրը՝ դրանում հստակ արդյունքների բացակայության պատճառով, ինչը, ըստ գործակալության, կարող է «դառնալ ամերիկյան միջոցները կլանող անհատակ փոս»:
Իրաքի վերականգնման հարցերով ԱՄՆ-ի հատուկ տեսուչի կողմից երկուշաբթի օրը հրապարակված զեկույցի համաձայն, ծրագրին հատկացված գումարների հիմնական մասը նախատեսված է դասավանդողների անվտանգությունն ու կենցաղային պայմաններն ապահովելուն:
Զեկույցի համաձայն, Իրաքի ոստիկանությանը ուժերը նախապատրաստելու և վերջիններիս խորհրդատվություն տրամադրելու նպատակով նախատեսված է ծրագրի բյուջեում ընդգրկված գումարների ընդամենը 12 տոկոսը:
Իրաքում ոստիկաններ նախապատրաստելու պարտականությունը ստանձնել է ԱՄՆ-ի արտգործնախարարությունը՝ Միացյալ Նահանգների զինված ուժերի ստորաբաժանումներն այս երկրից դուրս բերման նախապատրաստելու պատճառով:
Վերահսկողական գործակալության կողմից հրապարակված զեկույցում նշվել է նաև, որ Իրաքի կառավարությունը հարցականի տակ է դրել երկրի ոստիկանության համար այս ծրագրի իրականացման օգուտը: Զեկույցում մեջ է բերվել Իրաքի ներքին գործերի փոխնախարարի խոսքը, որի համաձայն միջոցները պետք է ծախսվեն Ամերիկայի ժողովրդի համար օգտակար ծրագրերի իրականացման վրա:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա ավարտին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի ԱՄՆ-ի բոլոր զինծառայողները դուրս են բերվելու Իրաքից մինչև այս տարվա ավարտը:
Այս հայտարարությամբ նախագահ Օբաման հանդես էր եկել Իրաքում ԱՄՆ-ի ռազմական ստորաբաժանումների ներկայությունը երկարաձգելու վերաբերյալ անցկացված ինտենսիվ բանակցություններից հետո՝ հետևելով Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ տեսակոնֆերանսի անցկացմանը: