Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Իրաքում՝ մի շարք ռմբակոծությունների հետևանքով


Ըստ վերլուծաբանների, հարձակումների համար պատասխանատու կարող են լինել սունի զինյալները

Իրաքի պաշտոնյաների համաձայն, երկրում ուրբաթ օրն իրականացվել են մի շարք ռմբակոծություններ, որոնց զոհ է գնացել առնվազն 26 մարդ:

Բաղդադի հիմնականում շիաներով բնակեցված Քազիմյահ թաղամասում գտնվող կենդանիների շուկայում իրար հետևից իրականացված պայթյունների հետևանքով զոհվել է մեկ տասնյակից ավելի մարդ:

Եվս մեկ պայթյուն իրականացվել է Բաղդադից դեպի հարավ գտնվող Հիլահ մարզի Շոմալի քաղաքում: Պայթյունների հետևանքով, որոնք իրականացվել են այս քաղաքի շուկայում, զոհվել է առնվազն 13 մարդ:

Իրաքի մայրաքաղաքից 20 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող Թաջի քաղաքում զինված ուժերի հսկիչ-անցագրային կետի մոտակայքում ինքնասպան ահաբեկչի կողմից պայթուցիկով բեռնված մեքենայի միջոցով իրականացված հարձակման զոհ է գնացել առնվազն չորս, վնասվածքներ ստացել՝ 12 մարդ: Հարձակման հետևանքով զոհվածների թվում կար երկու զինծառայող:

Ինքնասպան ահաբեկչի կողմից կիրակի օրը պետական զինված ուժերի դեմ ուղղված հարձակման հետևանքով զոհվել էր 22 մարդ:

Ըստ վերլուծաբանների, հարձակումների համար պատասխանատու կարող են լինել սունի զինյալները:
XS
SM
MD
LG