Մատչելի հղումներ

Իրանը շուտով կներկայացնի միջուկային նոր ծրագրեր



Հանդես գալով Իրանի մահմեդական հեղափոխության 33-րդ տարեդարձը նշող շքերթի ժամանակ՝ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ասել է, որ եկող մի քանի օրերի ընթացքում հայտարարվելու է միջուկային նոր ծրագրերի մասին։ Ահմադինեջադն այլ մանրամասնություններ չի ասել շքերթում արտասանած ելույթի ընթացքում, որին մասնակցել են տասնյակ հազարավոր իրանցիներ՝ երկրի բոլոր տարածքներից։

Հիշեցնենք, որ 1979 թվականի Մահմեդական հեղափոխության արդյունքում տապալվեց ԱՄՆ-ի դաշնակից շահը՝ իշխանության բերելով մահմեդական կրոնավորներին։

Ահմադինեջադը կրկնեց Արեւմուտքի հետ բանակցություններ անցկացնելու իր երկրի պատրաստականությունը՝ հավելելով, որ պատժամիջոցները չեն կարող կանգնեցնել իր երկրի միջուկային ծրագրերը։

Երկրի տարբեր հատվածներում մարդիկ կրում էին ՝՝Մահ Ամերիկային ու Իսրայելին՛՛ բառերով պաստառներ։
Ոմանք ծաղրում էին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային։

Լարվածությունն Իրանի ու Արեւմուտքի միջեւ սրվում է, Իրանում միջուկային ծրագրերը շարունակվելու փաստի պատճառով։ ԱՄՆ-ը ու Եվրոպական Միությունն անցյալ շաբաթ խստացրին Իրանի Կենտրոնական բանկի ու նավթարդյունաբերության նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, Թեհրանին ստիպելու համար հրաժարվել ուրանի հարստացման աշխատանքներից։

Իրանը շարունակ հերքում է այստեղ միջուկային զենք արտադրելու նպատակների մասին Արեւմուտքի մեղադրանքները։

XS
SM
MD
LG