Մատչելի հղումներ

Հակաամերիկյան բազմահազար ցույց Իրանում՝ նվիրված ԱՄՆ-ի դեսպանատան գրավման տարելիցին


Թեհրանում Միացյալ Նահանգների նախկին դեսպանատան մոտ երկուշաբթի օրն անցկացված ամենամյա արարողությանը մասնակցելու համար հավաքվել էր սովորականից ավելի մեծ թվով մարդ

Իրանի մայրաքաղաք Թեհրանում «Մահ Ամերիկային» վանկարկող տասնյակ հազարավոր մարդիկ նշել են Իսլամական հեղափոխությունից հետո 1979 թվականին Միացյալ Նահանգների դեսպանությունը գրավելու տարելիցը:

34 տարի առաջ իսլամիստ ուսանողները պաշարել էին Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը և 444 օրվա ընթացքում պատանդ պահել դեսպանատան 52 աշխատողի: Այս գործողությունները դարձել էին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների դադարեցման և տասնյակ տարիների թշնամանքի պատճառը:

Ականատեսների համաձայն, Թեհրանում Միացյալ Նահանգների նախկին դեսպանատան մոտ երկուշաբթի օրն անցկացված ամենամյա արարողությանը մասնակցելու համար հավաքվել էր սովորականից ավելի մեծ թվով մարդ, քանի որ Իրանի պահպանողականները հորդորել էին անցկացնել բազմամարդ ցույցեր ընդդեմ նախագահ Հասան Ռուհանիի կողմից Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված գործողությունների:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը նախօրեին սատարել էր երկրի նախագահ Հասան Ռուհանիի կողմից Արևմուտքի պետությունների հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների անցկացումը:

Արևմուտքի պետությունների հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին իր վերաբերմունքի մասին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենենին խոսել էր ուսանողների հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում Խամենին ասել էր, որ ոչ ոք չպետք է համարի, որ բանագնացները «հաշտվողական» դիրք են զբաղեցնում՝ զգուշացնելով, որ «որևէ մեկը չպետք է թուլացնի բանագնացներին իրենց դժվարին առաքելությունը կատարելու ժամանակ»:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն նշել էր նաև, որ շարունակում է հոռետեսորեն վերաբերվել Արևմուտքի հետ համաձայնություն ձեռք բերելու հնարավորությանը:
XS
SM
MD
LG