Մատչելի հղումներ

Իրանն ու աշխարհի տերությունները շարունակում են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները


Իրանի և աշխարհի վեց տերությունների ներկայացուցիչները Վիեննայում շարունակում են աշխատանքը Իրանում իրականացվող միջուկային ծրագրի խաղաղ բնույթը հաստատելուն ուղղված երկարաժամկետ համաձայնագրի մշակման ուղղությամբ

Իրանի և աշխարհի վեց տերությունների ներկայացուցիչները Վիեննայում շարունակում են աշխատանքը Իրանում իրականացվող միջուկային ծրագրի խաղաղ բնույթը հաստատելուն ուղղված երկարաժամկետ համաձայնագրի մշակման ուղղությամբ:

Անդրադառնալով Ավստրիայի մայրաքաղաքում Իրանի հետ անցկացվող բանակցություններին՝ ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի խոսնակ Մայքլ Մաննը «էական նշանակություն ունեցող» է անվանել նախօրեին անցկացված քննարկումները:

«Այն բանակցությունները, որոնք անցկացվել են նախօրեին, կարելի է նկարագրել «էական նշանակություն ունեցող» և «օգտակար» բառերով: Այսպիսով՝ աշխատանքը լավ է ընթանում, և մենք կշարունակենք ջանքեր գործադրել՝ զգալի առաջընթաց գրանցելու ուղղությամբ», - ասել է ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարի խոսնակը:

Իրանի հետ անցկացվող բանակցությունները նպատակ են հետապնդում վստահեցնելու միջազգային հանրությանը, որ Թեհրանի կողմից իրականացվող միջուկային ծրագիրը, ըստ վերջինիս պնդումների, միջուկային զենք մշակելու նպատակ չի հետապնդում, ինչպես նաև դադարեցնելու միջազգային հանրության Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները:

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին նախօրեին ասել էր, որ նույնիսկ համապարփակ համաձայնության հասնելու դեպքում իր երկիրը չի նախատեսում դադարեցնել միջուկային իր հաստատությունների աշխատանքը:

Դիվանագետները հույս ունեն, որ այս շաբաթվա ընթացքում անցկացվող բանակցությունների ընթացքում հնարավոր կդառնա մշակել առջևում սպասվող դժվարին բանակցությունների շրջանակը, քանի որ երկու կողմերի բանագնացների կողմից անցյալ տարի ձեռքբերված միջանկյալ համաձայնության ժամկետը, չերկարաձգվելու դեպքում, լրանում է այս տարվա հուլիսին:
XS
SM
MD
LG