Իրանի իշխանությունները լրտեսության մեղադրանքով ձերբակալել են մի կնոջ, որը, որոշ հաղորդագրությունների համաձայն, ազգությամբ հայ է:
«Իրան» թերթի համաձայն, 55 տարեկան մի կին, որը նույնականացվել է որպես Հալլ Թալալյան, փորձել է մուտք գործել Իրան Հայաստանի տարածքից` առանց մուտքի արտոնագրի: Հաղորդագրության համաձայն, նա փորձել է թաքցնել «լրտեսական» սարքավորումներ, իսկ բերանում ուներ թաքնված միկրոֆոն:
Իրանում լրտեսություն իրականացնելու մեղադրանքներով բանտարկության մեջ են գտնվում ամերիկացի զբոսաշրջիկներ Ջոշ Ֆեթլն ու Շոն Բաուերը, որոնք Իրաքից պատահաբար անցել էին Իրանի տարածք: Անցյալ տարվա սեպտեմբերին Թեհրանը 500 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակել Ֆեթլի ու Բաուերի հետ ձերբակալված երրորդ զբոսաշրջիկին` Սարա Շուրդին: