Մատչելի հղումներ

Իրանը հերքում է Հայաստանի սահմանին ԱՄՆ-ի քաղաքացի կնոջը ձերբակալելու մասին լուրերը


Իրանը հերքում է Հայաստանի սահմանին ԱՄՆ-ի քաղաքացի կնոջը ձերբակալելու մասին լուրերը

Իրանի պետական հեռուստատեսությունը հերքում է լրատվամիջոցների նախորդ հաղորդագրություններն այն մասին, որ հայ-իրանական սահմանին լրտեսության մեղադրանքով ԱՄՆ-ի քաղաքացի մի կին է ձերբակալվել:

Իրանի «Ալ-Ալամ» հեռուստաընկերության փոխանցմամբ, 55-ամյա Հալլ Թալայանին, որը, որոշ հաղորդագրությունների համաձայն, ազգությամբ հայ է, մերժվել է մուտքը Իրան` մուտքի արտոնագիր չունենալու պատճառով: Թալայանը վերադարձել է Հայաստան:

Այս հաղորդագրությունը հակասում է Իրանի լրատվական այլ աղբյուրներից ստացված հաղորդագրություններին, որոնց համաձայն Թալայանը մոտ մեկ շաբաթ առաջ ձերբակալվել է հայ-իրանական սահմանի Նորդուզի հատվածում` Հայաստանից Իրանի մուտք գործելու փորձ կատարելու ժամանակ:

Իրանի մեկ այլ լրատվամիջոցի հաղորդագրության համաձայն, կնոջ մոտ հայտնաբերել են «լրտեսական սարքավորումներ»` ներառյալ ատամի մեջ թաքցված մի միկրոֆոն:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը «Ամերիկայի Ձայն»-ին հայտնեց, որ ԱՄՆ-ը տեղյակ է այդ հաղորդագրությունների մասին և ուսումնասիրում է դրանք: Նա ասաց, որ արտգործնախարարությունը չի կարող հաստատել այդ անձի ձերբակալության կամ ԱՄՆ-ի քաղաքացի լինելու մասին լուրերը:

Արտգործնախարարության խոսնակը նշեց, որ քանի որ Իրանը դիվանագիտական հարաբերություններ չունի ԱՄՆ-ի հետ, այս հաղորդագրությունները փոխանցվել են ԱՄՆ-ի շահերն Իրանում ներկայացնող Շվեյցարիայի իշխանություններին:

Իրանում լրտեսություն իրականացնելու մեղադրանքներով բանտարկության մեջ են գտնվում ամերիկացի զբոսաշրջիկներ Ջոշ Ֆեթլն ու Շոն Բաուերը, որոնք Իրաքից պատահաբար անցել էին Իրանի տարածք: Անցյալ տարվա սեպտեմբերին Թեհրանը 500 հազար դոլար գրավի դիմաց ազատ էր արձակել Ֆեթլի ու Բաուերի հետ ձերբակալված երրորդ զբոսաշրջիկին` Սարա Շուրդին:

XS
SM
MD
LG