Մատչելի հղումներ

Եվրամիությունը խստացրել է Իրանի դեմ հաստատված պատժամիջոցները


Եվրամիության պատժամիջոցների նպատակն է կասեցնել միջազգային ներդրումներն ու առեւտուրը Իրանի նավթի եւ բնական գազի արդյունաբերության շահավետ ոլորտում

Երկուշաբթի օրը Եվրամիությունը հաստատել է Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների մի նոր փաթեթ, որոնք թիրախում են երկրի արտաքին առեւտրի, բանկային փոխառությունների եւ էներգետիկայի ոլորտները։

Այս պատժամիջոցները նորագույնն են միջազգային համայնքի կողմից հաստատված միջոցների շարքում, որոնք փորձում են կասեցնել Իրանի միջուկային գործունեությունը։

Եվրամիության պատժամիջոցների նպատակն է կասեցնել միջազգային ներդրումներն ու առեւտուրը Իրանի նավթի եւ բնական գազի արդյունաբերության շահավետ ոլորտում։ Օդային եւ ծովային ուղիներով Իրանում ապրանքառաքումներ իրագործող ընկերությունների անունները, պատժամիջոցների համաձայն, կգրանցվեն հատուկ ցանկերում, եւ նրանց գործունեությունը կարգելվի Եվրամիության տարածքում։

Նոր պատժամիջոցները ավելի խիստ են չորրորդ փուլի պատժամիջոցներից, որոնք հաստատվել էին անցյալ ամիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, ի պատասխան ուրանի հարստացման ծրագիրը չդադարեցնելու Իրանի գործելակերպի։

Միացյալ Նահանգներն ու այլ երկրներ պնդում են, թե Իրանը քաղաքացիական միջուկային ծրագիրը օգտագործում է միջուկային զենքերի ծրագիրը քողարկելու նպատակով, ինչը Իրանը հերքում է։

XS
SM
MD
LG