Մատչելի հղումներ

Իրան. «Սիրիայում առևանգված իրանցիները «Հեղափոխական պահակազորի» նախկին անդամներ են»


Mideast Syria

Իրանի արտգործնախարարը հերքել է առևանգված իրանցիների և զինված ուժերի միջև որևէ կապի առկայությունը

Իրանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Սիրիայի ապստամբների կողմից առևանգված 48 իրանցիները «Հեղափոխական պահակազորի» նախկին անդամներն են, որոնք Դամասկոսում են եղել ուխտագնացություն կատարելու նպատակով:

Իրանի «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը չորեքշաբթի օրը մեջ է բերել երկրի արտգործնախարար Ալի Աքբալ Սալեհիի խոսքը, որով Սալեհին հերքել է առևանգված իրանցիների և զինված ուժերի միջև որևէ կապի առկայությունը:

Սիրիայի ապստամբների «Սիրիական ազատ բանակը» սակայն Իրանի առևանգված քաղաքացիներին բնութագրել է որպես «հետախուզական առաքելություն իրականացնող «Հեղափոխական պահակազորի» անդամներ»:

Այս ընթացքում «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ ապստամբների կողմից Հալեպի շրջաններից մեկի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ժամանակից քաղաքում ամենաուժգին բախումներն են ընթանում:

«Ասպարեզ» պարբերականի վկայությամբ, Հալեպում տեղի ունեցող բախումները հասել են քաղաքի հայկական թաղամասեր: Դրանց պատճառով զոհվել է երկու հայ, վնասվածքներ է ստացել հայկական համայնքի մեկ անդամ:

Պարբերականի համաձայն, Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն ասել է, որ Հալեպում հայերով բնակեցված թաղամասերում իրականացվող հարձակումներն ուղղված չեն հայերի, այլ այնտեղ գտնվող կառավարական հաստատությունների դեմ: Ռեյիսյանը սակայն զգուշացրել է, որ քաղաքում ստեղծված իրավիճակը վտանգ է ներկայացնել համայնքի այն ներկայացուցիչների համար, որոնք կարող են հայտնվել բախումների վայրում:
XS
SM
MD
LG