Մատչելի հղումներ

Իրանը չի նախատեսում նվազեցնել ակտիվությունը միջուկային ոլորտում


«Միջուկային վառելիքի արտադրությունը կշարունակվի ավելի վաղ նախանշված նպատակների համաձայն»

Իրանը պատրաստ է շարունակել ուրանի հարստացման ծրագիրը, ինչը նշան է այն բանի, որ այս երկիրը չի նախատեսում փոփոխություն կատարել իր քաղաքականության մեջ՝ չնայած հունիսի 14-ին երկրում կայացած նախագահական ընտրությունների ընթացքում չափավոր հոգևորականի տարած հաղթանակի:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի-Դավանին ասել է, որ միջուկային վառելիքի արտադրությունը կշարունակվի «ավելի վաղ նախանշված նպատակների համաձայն»:

«Վառելիքի արտադրության հետ կապակցված հարստացումը նույնպես որևէ փոփոխությունների չի ենթարկվի», - ասել է Աբասի-Դավանին, որը հայտնել է նաև, որ Իրանի դեռևս միակ ատոմակայանի աշխատանքը վերականգնվել է այս շաբաթվա սկզբին, և որ ատոմակայանի աշխատանքային հզորությունն այժմ կազմում է 1000 մեգավատ:

ՄԱԿ-ի միջուկային գործակալությունն այս տարվա մայիս ամսին հայտնել էր, որ Իրանի Բուշերի ատոմակայանի աշխատանքը դադարեցվել էր, սակայն աշխատանքի դադարեցման որևէ պատճառ չէր ներկայացրել:

«Բարեբախտաբար, վերջին մի քանի օրվա ընթացքում ինձ ատոմակայանի որևէ անսարքության մասին չեն հայտնել», - ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հասան Ռոհանիի կողմից նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո նախատեսվում է որևէ փոփոխություններ իրականացնել Իրանում 20 տոկոսով հարստացված ուրանի արտադրությանն ուղղված քաղաքականության մեջ, Աբաս-Դավանին ասել է, որ Իրանի միջուկային ծրագիրն էլեկտրաէներգիա արտադրելու և առողջապահական ոլորտը զարգացնելու նպատակ է հետապնդում:

«Այս երկու նպատակների համաձայն էլեկտրաէներգիայի արտադրությունը չի դադարի», - նշել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Աբաս-Դավանին:
XS
SM
MD
LG