Մատչելի հղումներ

«Իրանը միջուկային ռումբ երբեք չի մշակի». Այաթոլահ


Խամենեի. «Միացյալ Նահանգներն օգտագործում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ աշխարհն ահաբեկելու նպատակով»

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեին ասել է, որ իր երկիրը միջուկային ռումբ երբեք չի մշակի՝ միաժամանակ նշելով, որ Իրանը չի հրաժարվի միջուկային ծրագրերից:

Խամենեին, հանդես գալով հինգշաբթի օրը Չմիավորված երկրների շարժման առաջնորդների գագաթաժողովի ընթացքում ասել է, թե «Իրանը չի հրաժարվի խաղաղ նպատակով ատոմային էներգիա արտադրելու իր իրավունքից»:

Իր ելույթում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը քննադատել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին, որը, ըստ նրա, «անցյալի անտրամաբանական և անարդար վերապրուկ է, որը Միացյալ Նահանգներն օգտագործում է՝ աշխարհն ահաբեկելու նպատակով»:

Գագաթաժողովին ներկա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը նույնպես ուղերձով հանդես է եկել գագաթաժողովի մասնակիցների առջև՝ հորդորելով Իրանին կատարել միջուկային իր ծրագրերը դադարեցնել պահանջող ՄԱԿ-ի բանաձևերը: Գլխավոր քարտուղարը զգուշացրել է նաև, որ այս հարցի շուրջ աշխարհի պետությունների կողմից հնչեցվող ռազմատենչ հռետորաբանությունը կարող է վերածվել պատերազմի:

Բան Կի-մունը քննադատել է Իրանի կողմից Հրեական ողջակիզման և Իսրայելի գոյության իրավունքի շուրջ արված «վիրավորական» արտահայտությունները՝ կոչ անելով միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված երկու պետություններին դադարեցնել սպառնալիքները:

Գագաթաժողովին մասնակցելու նպատակով Իրան է ժամանել նաև Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսին: Սա Եգիպտոսի առաջնորդի առաջին այցն է Իրան 1979 թվականի Իսլամական հեղափոխության ժամանակից ի վեր, որից հետո երկու պետությունների միջև խզվել են դիվանագիտական կապերը՝ Եգիպտոսի կողմից շահին աջակցություն ցուցաբերելու և Իսրայելի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատճառով:
XS
SM
MD
LG