Մատչելի հղումներ

Վաշինգտոնում քննարկում են Իրանի հետ գործարքը


Activists deliver more than 400,000 petition signatures to Capitol Hill in support of the Iran nuclear deal in Washington, July 29, 2015.

Օգոստոսի 13-ին Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների հաստատությունում կայացավ «Իրանի գործարքի գլխավոր հարցերը և հակասությունները» վերտառությամբ միջոցառումը, որի ընթացքում Օբամայի վարչակազմի ներկայացուցիչները մանրամասներ ներկայացրեցին այդ գործարքի շուրջ:

«Իրանի միջուկային տեխնոլոգիաների զարգացումը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա։ Եթե գործարքը չլինի, ապա այդ երկրի ռազմական կարողությունները է՛լ ավելի կբարձրանան, իսկ եթե ստացվի համաձայնագիրը կյանքի կոչել, ապա Իրանը կսահմանափակվի միջուկային ենթակառուցվածքների զարգացվածության ավելի ցածր մակարդակով, քան՝ ներկայումս առկա է: Ես չեմ հասկանում գործարքի հակառակորդներին։ Մենք միշտ էլ հնարավորություն ունենք դուրս գալ գործարքից, կամ էլ ռազմական լուծում տալ հարցին, եթե զգանք, որ մեզ խաբում են», - Իրանի հետ գործարքի վերաբերյալ նման կարծիք արտահայտեց ԱՄՆ-ի նախագահի փոխօգնական դոկտոր Քոլին Քահլը.

Այդ գործարքի վերաբերյալ օգոստոսի 13-ին Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների հաստատությունում կայացած քննարկումներին մասնակցում էր նաև ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի Սպառազինության վերահսկման ու միջուկային զենքի չտարածման գծով ավագ տնօրեն Ջոն Ոլֆստալը։ Կարեւորելով գործարքը՝ նա ասաց.

«Մեր եվրոպացի գործընկերները մեզ չեն հասկանա, եթե Կոնգրեսը տապալի այդ գործարքի վավերացումը, քանի որ իրերի դրությունը Ուկրաինայում բարձրացնում է այս գործարքի անհրաժեշտությունը նրանց համար՝ և՛ միջուկային անվտանգության, և՛ էներգետիկ առումներով»:

Պետքարտուղարության Պատժամիջոցային քաղաքականության համադասողի տեղակալ Քրիս Բաքեմեյերը, որը մասնակցել է Իրանի հետ միջուկային բանակցություններին, ընդգծեց գործարքի Կոնգրեսի կողմից մերժման, իր խոսքերով ՝՝հեղհեղուկ՛՛ հետևանքների մասին:

«Գործարքի իրականացումը փուլային է: Առաջին փուլում Իրանը պետք է իրականացնի այն բոլոր պահանջները, որոնք անհրաժեշտ են միջուկային ռազմականացումը կանխելու համար: Այնուհետև կհանվեն պատժամիջոցները, իսկ պայմանավորվածությունների ճշգրիտ կատարման դեպքում, 8 տարի հետո կհանվեն սպառազինությունների մատակարարման սահմանափակումները»:

Հարց ու պատասխանի ընթացքում շատերին էր մտահոգում գործարքի կասեցման հնարավորությունը: Եթե Կոնգրեսին հաջողվի չեղյալ հայտարարել ԱՄՆ-ի ստորագրությունը, այն ամենևին չի նշանակում, թե գործարքը չի կայանա. Հնարավոր է, որ ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները հանվեն, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի համապատասխան բանաձևում Իրանի ու միջազգային հանրության միմյանց հետ համաձայնության գալու պարագայում: Սակայն, եթե Իրանի կողմից որպես հակաքայլ հետագայում նորից վերադարձ լինի դեպի իր ծրագրի ռազմականացումը, այդ պարագայում դժվար կլինի ՄԱԿ-ում նոր պատժամիջոցներ կիրառել, քանի որ Ռուսաստանը, Չինաստանը և այլոք դժվար ցանկանան վերադառնալ այդ պատժակարգի վերահաստատմանը:

XS
SM
MD
LG