Կոսովոյի անկախությունը եւ Հաագայի միջազգային դատարանի կողմից այդ անկախությունը վերահաստատելու մասին որոշումը դեռ երկար է մնալու որպես խանդի առարկա հատկապես այն ժողովուրդների համար, ովքեր հռչակել են անկախություն, փաստացի անկախ են, սակայն՝ չճանաչված այլոց կողմից։
Ինչո՞ւ ի վերջո Կոսովոյի անկախությունը ճանաչվեց։
Այս հարցով ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությունը Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում հարցազրույց անցկացրեց համալսարանի իրավագիտության ամբիոնի պրոֆեսոր Մայքլ Մեթըսընի հետ, որը ժամանակին որպես ԱՄՆ-ի արտգործնախարարության հատուկ խորհրդական, ղեկավարել է Հարավսլավական պատերազմի հանցագործություններն ուսումնասիրող միջազգային քրեական դատարան հիմնելու աշխատանքները։
Եւ այսպես, ո՞րն էր Կոսովոն որպես անկախ պետություն ճանաչելու գլխավոր պատճառը։ Չէ որ ինչ եղել էր ընդդեմ ալբանացիների, եղել էր Միլոշեւիչի օրոք։ Սակայն այսօր Սերբիան գնում է ժողովրդավարության ուղով։ Ինչու՞ ուրեմն Կոսովոն անկախանա ժողվորդավարական երկրից։
Միջազգային օրենքների մասնագետ Մայքլ Մեթըսընի կարծիքով, շատ երկրներ ու եւրոպական երկրների մեծ մասը գտնում են, որ Կոսովոն պիտի չմնա Սերբիայի կազմում, քանի որ 9Օ-ականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը եզրակացրել էր, որ Կոսովոյի հակամարտությունը սպառնում է ամբողջ տարածաշրջանի խաղաղությանը, իսկ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդը՝ հայտարարել իր վերջանական զեկույցում, որ Կոսովոյի խնդրի միակ լուծումը Սերբիայից անջատվելու մեջ է։
Բայց չէ որ զենքի ուժով ժողովուրդներին ճնշման օրինակներ են նաեւ Աբխազիան, Հարավային Օսիան ու Լեռնային Ղարաբաղը։ Երեք դեպքում էլ, այն երկրները, որոնց կազմի մեջ են եղել այս երեքը, պատերազմ են սկսել ընդդեմ այս ժողովուրդների։ Նրանք պայքարել են, հաղթել, հռչակել անկախություն, սակայն չեն ճանաչվել։ Կոսովոն չի կռվել, պարտվել է, ազատագրվել ՆԱՏՕ-ի ուժով ու ճանաչվել որպես անկախ երկիր։
Այս հարցում, ասում է պրոֆեսորը, ՝՝միակ տարբերությունն այն է, որ Անվտանգության խորհուրդը Կոսովոյում իր վերահսկողության տակ հաստատեց ինքնավարություն, այսինքն ուժի մեջ դրեց միջազգային կառավարում, որն ի վերջո գնաց դեպի անկախություն՛՛։
Իսկ եթե տարիներ անց Կոսովոն բարգավաճի, իսկ Աբխազիան, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը մնան կանգնած նույն այսօրվա խնդիրների առջեւ, կարո՞ղ ենք ասել, որ ճիշտը բոլորին էլ անկախություն շնորհելն էր։
Այս հարցին Մայքըլ Մեթըսոնը պատասխանում է. ՝՝Գիտեք, միջազգային դատարանը այդ հարցերին չի անդրադառնում։ Այն կենտրոնանում է միայն հռչակագրի իրավական հիմքի վրա՛՛։
Միազգային դատարանը, ըստ պրոֆեսոր Մեթըսընի, անկախություն չի տվել Կոսովոյին, այլ պարզապես հայտարարել է, որ միջազգային օրենքներում չկա մի կետ, որն արգելեր Կոսովոյի անկախության հռչակագիրը։
՝՝Սա չի նշանակում, որ միջազգային օրենքի որեւէ կետ արգելում է տվյալ դեպքում Սերբիային ընդդիմանալ Կոսովոյի անկախությանը։ Այսինքն Կոսովոն կարող է հռչակել անկախություն, Սերբիան եւ որեւէ երկիր կարող են ընդդիմանալ ու չճանաչել՛՛։
Նրա խոսքերով, որեւէ ժողովուրդ կարող է անջատվել եւ հաստատել իր անկախությունը։ Միջազգային օրենքը չի արգելում որեւէ մեկին դա անել։
՝՝Հարցն այն է, թե ինչպես պիտի կարողանա տվյալ ժողովուրդը ամրապնդել իր անկախությունը եւ ճանաչվել այլոց կողմից։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի անկախության հարցը միջազգային դատարան տանելուն, այս հարցը կարող է բարձրացնել ՄԱԿ-ի ընդհանուր ժողովի անդամ որեւէ երկիր, այդ թվում Հայաստանը։ Դրանից հետո Ընդհանուր ժողովը հարց ուղարկում է միջազգային դատարան՛՛։
Միջազգային դատարանը չի հաստատում կամ վերահաստատում որեւէ երկրի անկախությունը, ոչ էլ պարտադրում է մյուսներին ճանաչել այդ ժողովրդի անկախությունը։ Այն պարզապես հայտարարում է, որ տվյալ անկախության հռչակագիրը չի ոտնահարում միջազգային օրենքները։