Հնդկաստանում իրար են բախվել երկու գնացք, ինչի արդյունքում զոհվել է 56, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել՝ 12Օ մարդ։
Աղետը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը, երբ արագընթաց գնացքը հարվածել է Սեինթիա քաղաքի կայարանում կանգնած մեկ այլ գնացքի։
Հարվածն այնքան ուժգին է եղել, որ գնացքի կառքերից մեկի տանիքը պոկվել ու օդ է թռել, այնուհետեւ՝ ընկել հանդիպակած կամրջի վրա։
Երկուշաբթի օրը շարունակվում են ողջ մնացած անձանց հայտնաբերելու նպատակով սկսված փրկարարական աշխատանքները։
Վթարի պատճառը դեռեւս պարզ չէ։