Մատչելի հղումներ

«Սիրիայի կառավարական ուժերն անօրինական հարձակումներ են իրականացնում քաղաքացիական անձանց վրա». «HRW»


Կազմակերպությունը զեկույցում հորդորել է Սիրիայի ընդդիմության մարտիկներին ձեռնարկել քաղաքացիական անձանց պաշտպանությանն ուղղված միջոցներ և հնարավորության դեպքում խուսափել խիտ բնակեցված հատվածներում ուժերի կենտրոնացումից

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Սիրիայի իշխանությունները քաղաքացիական անձանց ուղղությամբ իրականացնում են «անօրինական, կամայական հարձակումներ»: Կազմակերպությունը հորդորել է միջազգային հանրությանը ճնշում գործադրել Սիրիայի կառավարության վրա՝ նման հարձակումները դադարեցնելու նպատակով:

Կազմակերպության հինգշաբթի օրը հրապարակված զեկույցի համաձայն, Սիրիայի կառավարական ուժերն ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Հալեպ, Իդլիբ և Լաթաքիա քաղաքների շրջակայքում գտնվող տարածքներում անցյալ տարվա օգոստոսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացրել են օդային 59 հարձակում:

«Human Rights Watch»-ի վկայույթամբ, այս հարձակումները, որոնց հետևանքով զոհվել է 152 քաղաքացիական անձ և որոնց արդյունքում հարվածներ են իրականացվել նաև հացի արտադրամասերի և հիվանդանոցների ուղղությամբ, «ըստ էության կազմում են մարդկության դեմ հանցագործություն կազմող համակարգված արշավի մասերից մեկը»:

Զեկույցի համաձայն, օդային հարվածների ընթացքում օգտագործվել են չկառավարվող ռումբեր, կործանիչներ և մեծ բարձրության վրա թռչող ուղղաթիռներ, որոնց կիրառման դեպքում անհնար էր տարբերակել քաղաքացիական և մարտական թիրախները:

Իրավապաշտպանները բացի այդ նշել են, որ Սիրիայի կառավարական օդուժի մի քանի դասալիքների համաձայն, օդուժը չունի քաղաքացիական հատվածներում ռազմական թիրախները հստակ որոշելու համար անհրաժեշտ սարքավորումներ:

Զեկույցում ասված է, որ ուսումնասիրվող ժամանակահատվածում կատարված 59 օդային հարձակումներից 41-ի դեպքում Սիրիայի օդուժի կողմից հայտնաբերված «Սիրիայի ազատ բանակի» հենակետերի ուղղությամբ իրականացված հարվածները խոցել են թիրախներից 50-ից 400 մետր հեռավորության վրա գտնվող կետերը:

Կազմակերպությունը զեկույցում հորդորել է նաև Սիրիայի ընդդիմության մարտիկներին ձեռնարկել քաղաքացիական անձանց պաշտպանությանն ուղղված միջոցներ և հնարավորության դեպքում խուսափել խիտ բնակեցված հատվածներում ուժերի կենտրոնացումից:

«Human Rights Watch»-ը, բացի այդ, կոչ է արել աշխարհի պետություններին և մասնավոր ընկերություններին զերծ մնալ Սիրիա զենք և զինամթերք ուղարկելուց:
XS
SM
MD
LG