Մատչելի հղումներ

Իրավապաշտպանները հորդորել են Աֆղանստանին պաշտպանել մամուլի ազատությունը


Իրավապաշտպանները, նշելով, որ մամուլի ազատությունը Աֆղանստանում վերջին տասը տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումներից մեկն է, կոչ են արել երկրի կառավարությանը պահպանել այս ձեռքբերումը

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը հորդորել է Աֆղանստանի իշխանություններին շրջանառությունից հանել լրատվամիջոցների վերաբերյալ օրենքի նախագիծը, որը, ըստ իրավապաշտպանների, ուժեղացնում է մամուլի նկատմամբ կառավարության վերահսկողությունը և խարխլում խոսքի ազատությունը:

Նյու Յորքից իր գործունեությունն իրականացնող այս կազմակերպության կողմից երեքշաբթի օրը տարածված հաղորդագրության համաձայն, Աֆղանստանի կառավարությունը ձեռնարկել է լրագրողների գործունեությունը խաթարելու ուղղությամբ քայլեր, իսկ օրենքի նախագիծը երկրում դեպի տեղեկություններ մուտք ստանալու իրավունքի «վերջին սպառնալիքն է»:

Իրավապաշտպանները և լրատվական մի քանի կազմակերպություն մտահոգություն են հայտնել օրենքի նախագծում պարունակվող որոշ դրույթների նկատմամբ՝ ներառյալ լրատվամիջոցների գործերը քննելու նպատակով հատուկ դատախազի պաշտոնի սահմանման և մամուլի գործունեությունը վերահսկողությամբ զբաղվող կարգավորող մարմնի ստեղծման վերաբերյալ դրույթները:

Ըստ «Human Rights Watch»-ի, օրենքի նախագիծը հարցականի տակ է դնում Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի՝ խոսքի ազատությունը պաշտպանելու հանձնառության մասին խոստումները: Իրավապաշտպանները, նշելով, որ մամուլի ազատությունը Աֆղանստանում վերջին տասը տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումներից մեկն է, կոչ են արել երկրի կառավարությանը պահպանել այս ձեռքբերումը:
XS
SM
MD
LG