Մատչելի հղումներ

Հրանտ Դինքի սպանությունից անցել է 7 տարի


Ստամբուլում անցկացված բողոքի ցույցի ժամանակ «Հրանտ Դինքի բարեկամները» արդարություն են պահանջել

Տասնյակ հազարավոր ցուցարարներ մասնակցել են Ստամբուլում հունվարի 19-ին հայազգի լրագրող, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին նվիրված բողոքի երթին:

«Հրանտ Դինքի բարեկամներ» կազմակերպության կողմից կազմակերպված բողոքի երթը սկսվել էր Ստամբուլի Թաքսիմ հրապարակից, որտեղից երթի մասնակիցներն անցել են մինչև «Ակոս» թերթի գրասենյակի շենք: Ցույցի մասնակիցները վանկարկել են «Մենք այստեղ ենք, եղբայր», «Հրանտի համար, արդարության համար» և «Բոլորս հայ ենք» կարգախոսները:

Քաղաքի ոստիկանությունը Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երթի անցկացումից առաջ ընդունել էր անվտանգության խիստ միջոցներ Թաքսիմ հրապարակում և փակել Գեզի զբոսայգին, որտեղ անցյալ տարվա ամռանը անցկացվել էին հակակառավարական զանգվածային ցույցեր:

Հրանտի Դինքի հիշատակին նվիրված երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայազգի լրագրողի հիշատակը: Դրանից հետո, ըստ «Հուրիեթ» պարբերականի, ազգությամբ քուրդ երգիչ Ահմեթ Քայայի այրի Գյուլթեն Քայան Հրանտ Դինքի հիշատակին նվիրված իր ուղերձում, դիմելով Թուրքիայի ոստիկանությանը, ասել է. «Ձեր մեքենաներում խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների փոխարեն դուք պահում եք զենքեր: Ո՞րն է ձեր ճշմարտությունը»:

Հրանտ Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս» թերթի գրասենյակի մոտ: Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը դատապարվել էր 22 տարվա ազատազրկման:
XS
SM
MD
LG