Մատչելի հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանատվության է կոչել Սերժ Սարգսյանին


Ազատության հրապարակում Հովհաննիսյանի հացադուլը շարունակվում է արդեն տասը օր

Րաֆֆի Հովհաննիսյանը երեքշաբթի՝ հացադուլի տասներորդ օրը, Երևանի Ազատության հրապարակում տվեց մամլո ասուլիս՝ պատասխանատվության կոչելով գործող նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերջինիս կողմից ճշմարտության շարունակական խեղաթյուրման և 2013 թվականի փետրվարի 18-ին հայ ժողովրդի տարած հաղթանակի ժխտման համար:

«Ցավալի է, որ պարոն Սարգսյանը համառորեն շարունակում է պնդել իր թյուր պատկերացումները ժողովրդական շարժման ուժի նկատմամբ», - ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով. «Նա դեռևս չի հասկացել, որ հայ ժողովուրդն այլևս չի ճանաչում դե ֆակտո ղեկավարներին: Նոր Հայաստանի ժամանակը սրընթաց մոտենում է»:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պաշտոնական կայքի փոխանցմամբ, օրվա երկրորդ կեսին հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին հրապարակում՝ մասնակցելու աճող ժողովրդականություն վայելող քաղաքացիական խորհուրդների շարքի երրորդ հանդիպմանը: Քննարկումը նվիրված էր Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման ձևին անցնելու խնդրին:

Քննարկման ընթացքում հիմնական բանախոսն էր Հայաստանի Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը: Զեկույցով հանդես եկավ նաև իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Քննարկումը վարում էր քաղաքական ակտիվիստ Լևոն Բաղրամյանը:

Ազատության հրապարակի իր նստարանի հարևանությամբ գտնվող սրճարանում Րաֆֆի Հովհաննիսյանն օրվա վերջին հանդիպում է ունեցել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդի հետ:

«Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասնորեն քննարկեցին Հայաստանում ծավալված հետընտրական զարգացումները, ինչպես նաև հանրապետությունում ոչ թե երևութական, այլ իրական ժողովրդավարության կայացմանն առնչվող խնդիրները», - ասված է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG