Մատչելի հղումներ

«Ժառանգություն» կուսակցությունը նամակ-իրազեկումով դիմել է Եվրոպական կառույցներին


«Ժառանգություն» կուսակցությունը իր պաշտոնական կայքում հրապարակված նամակ-իրազեկումով դիմել է եվրոպական կազմակերպություններին՝ հայտնելով Հայաստանի իշխանությունների կողմից ընդդիմության դեմ «չդադարող ապօրինությունների» մասին։

Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ, կուսակցությունն այս նամակը հղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, Եվրոպայի խորհրդի բոլոր մարմիններին, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպություններին։

Նամակում մանրամասն ներկայացվել են այն ճնշամիջոցները, որոնք Հայաստանի իշխանությունները գործադրել են «Ժառանգություն» կուսակցության անդամների նկատմամբ։

«Չկարողանալով «Ժառանգությանը» շեղել իր ժողովրդավարակերտ ուղուց` քաղաքական դրդապատճառներով մարդկանց ձերբակալող իշխանությունը կուսակցության դեմ սկսեց գործել նաև քաղաքական պատանդ վերցնելու, պատգամավորների մասնակցությամբ անցկացված բողոքի գործողությունների հարցով քրեական գործեր հարուցելու և դրանք դամոկլյան սրի տեղ գործադրելու մեթոդներով», - ասված է կուսակցության կողմից հրապարակված նամակ-իրազեկումում։

«Բոլորիդ ահազանգում ենք իշխանության այս հերթական աննախադեպ ապօրինությունների մասին` ակնկալելով և պահանջելով ձեր լիազորությունների շրջանակներում համապատասխան վերաբերմունք և գնահատական» - հորդորում է «Ժառանգություն» կուսակցության կողմից հրապարակված նամակ-իրազեկումը:

XS
SM
MD
LG