Մատչելի հղումներ

«Heritage Foundation». «Հայաստանի տնտեսությունն ազատությամբ աշխարհում 39-ն է»


«Heritage Foundation». «Հայաստանի տնտեսությունն ազատությամբ աշխարհում 39-ն է»

«Heritage Foundation» հիմնադրամը հրապարակել է 2012 թվականի տնտեսական ազատության ցուցիչը, որի տվյալների համաձայն Հայաստանի տնտեսությունն աշխարհի երկրների շարքում զբաղեցրել է 39-րդ տեղը՝ հավաքելով 68,8 միավոր:

Անցյալ տարվա համեմատությամբ, ըստ «Heritage Foundation»-ի հրապարակված տվյալների, Հայաստանի տնտեսության ազատության վիճակը վատթարացել է 0,9 միավորով՝ արտացոլելով կաշառակերության, պետական ծախսերի և երկրում իրականացվող դրամավարկային քաղաքականության հետևանքները:

Հայաստանը, ըստ հիմնադրամի, եվրոպական տարածաշրջանի 43 պետություններից զբաղեցրել է 19-րդ տեղը: Իր հավաքած միավորներով Հայաստանը գերազանցել է աշխարհի, ինչպես նաև տարածաշրջանի պետությունների տնտեսական ազատության ցուցանիշները:

«Զգալի ազատականացման և տնտեսական փոխակերպումների տասնամյակից հետո տնտեսական վերջին անկման ընթացքում Հայաստանը ցուցաբերել է չափավոր աստիճանի ճկունություն: Ընդհանուր կարգավորիչ դաշտը մնում է արդյունավետ, նպաստում է գործարար գործընթացների պարզեցման և մրցունակ հարկային դրույքաչափերի պահպանման: Առկա է բաց շուկաների գոյությանը նպաստող քաղաքականություն, ինչը դարձնում է երկիրը մրցունակ՝ ներդրումային և առևտրային ռեժիմների առումով», - գրում է հիմնադրամը:

«Չնայած տնտեսական ազատության չորս սյուների շրջանակում երկրի ցուցանիշները բավականին բարձր են, տնտեսական ազատության հիմքերի պահպանմանը մեծապես նպաստում է հզոր և անկախ դատական իշխանությունը», - գրում է հիմնադրամը՝ հավելելով. «Առավել աշխույժ և տևական տնտեսական զարգացմանը խոչընդոտում է երկրում տարածված կաշառակերությունը: Վերջին տարիներին կառավարությունը ավելացրել է ծախսերը՝ խաթարելով պետական կառավարման սահմանները», - նշել է «Heritage Foundation» հիմնադրամը:

Հիմնադրամի կողմից հրապարակված 2012 թվականի տնտեսական ազատության ցուցիչի տվյալների համաձայն, նույն ժամանակահատվածում տնտեսական ազատության առումով Վրաստանի տնտեսությունը զբաղեցրել է 34-րդ տեղը՝ հավաքելով 69,4 միավոր, իսկ Ադրբեջանի տնտեսությունը՝ 91-րդ տեղը՝ հավաքելով 58,9 միավոր.

XS
SM
MD
LG