Մատչելի հղումներ

Գերմանական կազմակերպությունը քննարկելու է 1915 թվականի իրադարձություններում Գերմանիայի խաղացած դերը


Գերմանական կազմակերպությունը քննարկելու է 1915 թվականի իրադարձություններում Գերմանիայի խաղացած դերը
Գերմանական կազմակերպությունը քննարկելու է 1915 թվականի իրադարձություններում Գերմանիայի խաղացած դերը

Գերմանական «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամը հաջորդ տարի Բեռլինում անցկացնելու է համաժողով, որի ընթացքում ուսումնասիրվելու է Գերմանիայի դերը 1915 թվականին Արևելյան Անատոլիայում տեղի ունեցած իրադարձություններում: Համաժողովն անցկացվելու է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստող «Անիի երկխոսություն» նախագծի շրջանակներում:

«Հուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ, գերմանական հիմնադրամի Թուրքիայում ներկայացուցիչ Ուլրիկե Դուֆներն ասել է, թե «փորձում ենք անել այն, ինչ մեզնից առաջ երբեք չի արվել` անցկացնել բաց քննարկում Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի դերի վերաբերյալ»:

Դուֆների համաձայն, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիան աչք է փակել տարածաշրջանում կատարվող իրադարձությունների վրա, և երկրի խորհրդարանը միայն 2007 թվականին է հրապարակավ հաստատել 1915 թվականին տեղի ունեցած իրադարձություններում Գերմանիայի կատարած դերը:

Բեռլինում կայանալիք իրադարձության արդյունքներով հիմնադրամը ծրագրում է խորհրդակցություն անցկացնել նաև Թուրքիայում:

Բացի Հիմնադրամի ներկայացուցչի աշխատանքից, Ուլրիկե Դուֆները Հայաստանում Կովկասի ինստիտուտի հետ համատեղ իրականացվող «Անիի երկխոսություն» նախագծի համակարգողն է: Նախագծի մասնակիցները Թուրքիայի կամ Հայաստանի քաղաքացիներ են, սակայն դրան մասնակցել կարող են միայն մինչև 35 տարեկան անձինք:

XS
SM
MD
LG