Մատչելի հղումներ

Հալեպում ծանր մարտեր են վերսկսվել


Ապստամբների ուժերը փորձում են քաղաքից դուրս մղել կառավարական ստորաբաժանումները

Սիրիայի ակտիվիստների համաձայն, երկրի հյուսիսային Հալեպ քաղաքի վերաբերյալ վերահսկողություն հաստատելու համար պայքարող ապստամբների ուժերը ծանր մարտեր են վարում կառավարական ստորաբաժանումների հետ:

Քաղաքում ուրբաթ օր սկսված բախումները «աննախադեպ» են որակվել բնակիչների և ակտիվիստների կողմից, և կազմում են կառավարական ուժերը Հալեպից դուրս մղելու նոր գրոհի մասերից մեկը:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հայտնել է ուրբաթ օրը Դեյր Էզզոր, Դերաա, Համա քաղաքներում և մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցող բախումների մասին:

Արևմտյան մի քանի պետությունների նախարարներն ու նրանց դաշնակիցները ուրբաթ օրը կանցկացնեն հանդիպում՝ քննարկելու համար Սիրիայի մասնատված ընդդիմության գործողությունները համակարգելուն ուղղված ջանքերը:

«Սիրիայի բարեկամներ» խմբի ուրբաթ օրը կայանալիք հանդիպումը կազմակերպվել է Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընի կողմից: Հանդիպմանը կմասնակցեն ավելի քան 20 պետությունների նախարարներ, ինչպես նաև հեղափոխական տեղական խորհրդների ներկայացուցիչներ:

ԱՄՆ-ի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում անցկացվող հանդիպման ընթացքում քննարկվելիք հիմնական հարցերը կլինեն Սիրիայի ընդդիմությանը ցուցաբերվող օժանդակությունը, մարդասիրական օգնությունը և երկրի վարչակարգի նկատմամբ միջազգային ճնշման գործադրումը:

Պաշտոնյայի համաձայն, քննարկվելու են նաև վարչակարգի դեմ միակողմանի միջոցների, ներառյալ պատժամիջոցների ընդունման հնարավորությունը:
XS
SM
MD
LG