Երբևէ աշխատավայրում այնքան հոգնած եղել եք, որ քնով եք անցել: Դա քնի խանգարում է: Քնի խանգարման նոր ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրվում էին Միացյալ Նահանգներում և Կանադայում հերթափոխով աշխատողները, մասնավորապես՝ ոստիկանները:
Շատերի համար դժվար է լավ քնել գիշերը : Խանգարող շատ բան կա, դրանց թվում՝ անկանոն աշխատանքային գրաֆիկը կամ քնի պակասը՝ կապված շնչառության խանգարման՝ շնչադադարի հետ:
Վաշինգտոնի Վերականգնման ազգային հիվանդանոցի բժիշկ Դեվիդ Գրոսհամաձայն, քնի շնչադադար է տեղի ունենում, երբ վերին օդանցքը փակվում է գիշերվա ընթացքում: Անձը, նույնիսկ եթե հանգիստ շնչում է օրվա ընթացքում, երբ պառկում է քնելու, մկանները թուլանում են և անջատվում: Սա կարող է տեղի ունենալ անընդհատ՝ մեկ ժամում 60-100 անգամ:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քնի շնչադադարը սրտի կաթվածի համար վտանգի գործոն է: Բժիշկ Մայքլ Թուերիի խոսքերով՝ երբ շնչելու համար բավական օդ չկա, մեր սիրտը դժվար է աշխատում: Մեքենայի շարժիչի նման՝ երկար ժամանակ արագ աշխատելուց հետո, սիրտը մաշվում է:
Նոր ուսումնասիրության շրջանակում հետազոտվել են Միացյալ Նահանգների և Կանադայի ոստկանները: Ուսումնասիրության հեղինակներն են Ավստրալիայի Մոնաշ համալսարանից Շանթա Ռաջարաթնամը և Բոստոնի հիվանդանոցի բժիշկ Չարլզ Չեյսլերը:
Ոստիկանությունում աշխատում են հերթափոխով, անկանոն ժամերով, բավական շատ ժամանակ նստած են պարեկային մեքենաներում, հաճախ արագ սնունդ են օգտագործում: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ ոստիկանների մոտ քնի խանգարման հավանականությունը բարձր է:
«Հյուսիսային Ամերիկայում ոստիկանների 40 տոկոսը տառապում է քնի խանգարումից: Մենք պարզել ենք, որ առավել տարածված քնի խանգարումը քունը դադարեցնող շնչադադարն է», - ասում են գիտնականները՝ հավելելով. «Քնի առնվազն մեկ խանգարում ունեցող ոստիկանությանների մոտ դեպրեսիայով, անհանգստությամբ, շաքրախտով, սրտանոթային հիվանդություններով և առողջական այլ խնդիրներով ախտորոշվելու հավանականությունը բարձր է»:
Ուսումնասիրությանը մասնակցել է հինգ հազար ոստիկան:
Ուսումնասիրության մասնակցած Մասաչուսեթսի նահանգային ոստիկանների մոտ շնչադադար և ավելորդ քաշ ունենալու հավանականությունը փոքր է: Ավելորդ քաշը շնչադադարի մեկ այլ պատճառ է:
Տարբերությունը բացատրվում է նրանով, որ Մասաչուսեթսում ոստիկաններին խրախուսում են օգտվել մարզման սրահից և վճարում են այդ ժամանակահատվածի համար: Հետազոտողների խոսքերով՝ սա կարող է նմուշ ծառայել ոստիկանության այլ բաժանմունքների համար, իսկ քնի խանգարման համար ոստիկաններին հետազոտելով, նրանց կարելի է խրախուսել դիմելու բուժման և օգնել բարելավելու իրենց առողջությունը և արտադրողականությունը: