Մատչելի հղումներ

Հայիթիի նախկին բռնապետը զղջում է իր նախկին սխալների համար


Հայիթիի նախկին բռնապետը զղջում է իր նախկին սխալների համար

Հայիթիի նախկին բռնապետ Ժան-Քլոդ «Բեյբի Դոք» Դյուվալյեն ընդունել է, որ իր պաշտոնավարության 15 տարիների ընթացքում մարդիկ ենթարկվել են դաժան սպանությունների, հարցաքննությունների ընթացքում՝ կիրառվել տանջամիջոցներ։

Դյուվալյեն հայտնել է, որ «շատ է ցավում» իր այն հայրենակիցների համար, ովքեր իր վարչակարգի զոհ էին դարձել։

Դյուվալյեի համաձայն, Հայիթի իր վերադարձը միասնականության նշան է մեկ տարի առաջ կործանիչ երկրաշարժից մեծապես ավերված եվ այժմ դժվարին ժամանակներ ապրող իր երկրի հետ:

Այս հայտարարությամբ Դյուվալյեն հանդես է եկել երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում՝ Ֆրանսիայում 25 տարվա աքսորից վերադառնալուց հինգ օր անց։

Հայիթիի իշխանությունները սկսել են Դյուվալյեի պաշտոնավարման ընթացքում կատարված հանցագործությունների հետաքննությունը։ Նրան ներկայացվել են կաշառակերության և պետական միջոցների յուրացման մեղադրանքներ։ Հայիթիի մի քանի քաղաքացի դատական գործ են հարուցել Դյուվալյեի դեմ՝ մեղադրելով նրան պաշտոնավարման ընթացքում մարդու իրավունքների խախտումներ կատարելու մեջ։

«Amnesty International» կազմակերպությունն ուրբաթ օրը հայտնել է, որ Հայիթիի իշխանություններին փոխանցել է ավելի քան 100 փաստաթուղթ, որոնցում ներկայացված է առանց դատավարության բանտարկությունների, խոշտանգումների, մարդկանց անհետացումների և առանց դատի ու հետաքննության մահապատիժների դեպքերի մանրամասն նկարագրությունը։

Դյուվալյեի վերադարձի դրդապատճառները բուռն քննարկումների և շփոթության առարկա են դարձել Հայիթիում։ Ոմանց կարծիքով, նա վերադարձել է երկիր՝ հույս ունենալով հանել շվեյցարական բանկերում իր հաշիվների վրա դրված կալանքը։

XS
SM
MD
LG