Մատչելի հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Պենտագոն


ԱՄՆ-ի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

«ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում՝ Պենտագոնում, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ անցկացված հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգելը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջն Աֆղանստանում գործադրվող ջանքերին սատարելու, ներառյալ Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում Ադրբեջանի ուժերի կայուն մասնակցության համար»:

Այս մասին ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջորջ Լիթլի համաձայն, նախարար Հեյգելը բացի այդ շնորհակալություն է հայտնել Աֆղանստանին նյութատնտեսական աջակցություն տրամադրելու գործին նպաստող Ադրբեջանի ունեցած կարևոր դերի, այդ թվում՝ ցամաքային, օդային և ծովային տարանցում տրամադրելու համար:

«Երկու առաջնորդները համաձայնվել են շարունակել Հյուսիս-ատլանտյան պայմանագրի կազմակերպության կողմից իրականացվող փոխգործունակության, ահաբեկչության դեմ պայքարի, պաշտպանության փոփոխության և ծովային անվտանգության ամրապնդման շուրջ իրականացվող աշխատանքը», - ասված է հաղորդագրության մեջ:

Պենտագոնի հաղորդագրության մեջ նշված է նաև, որ երկու պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը: Ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի, Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը հիշատակել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի վերջերս կայացած երդմնակալության արարողությունը՝ վերահաստատելով, որ չափազանց կարևոր է, որ Իրանն արագ քայլեր ձեռնարկի՝ լուծելու համար այս երկրում իրականացվող միջուկային ծրագրի շուրջ միջազգային հանրության մոտ ունեցած խորը մտահոգության խնդիրը:

«Պաշտպանության նախարար Հեյգելը ճանաչում է Ադրբեջանի դերը տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն առաջ քաշելու գործում և նախատեսում է շարունակել ռազմավարական գործընկերությունը», - նշված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG