Մատչելի հղումներ

Հունաստանի վարչապետը հանրաքվե անցկացնելու կոչ է արել


Հունաստանի վարչապետը հանրաքվե անցկացնելու կոչ է արել

Հունաստանի վարչապետ Գեորգիուս Պապանդրեուն կոչ է արել անցկացնել հանրաքվե, որի արդյունքում հնարավոր կլինի փոփոխություններ իրականացնել ահռելի չափերի հասնող կառավարական պարտքի ձևավորման պատճառ դարձած քաղաքական համակարգում։

Պապանդրեուն, կիրակի օրը հանդես գալով խորհրդարանի առջև, ասել է, որ Հունաստանը գտնվում է «վճռորոշ խաչմերուկում»՝ փորձելով խուսափել երկիրն անվճարունակ ճանաչվելուց և լրացուցիչ վարկեր հայթայթել միջազգային վարկատու կազմակերպություններից։

Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող վարչապետն առաջարկել է անցկացնել հանրաքվե, որի արդյունքում հնարավոր կդառնա երկրի սահմանադրությունում իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնք առավել արդյունավետ կդարձնեն կառավարության գործունեությունը՝ թույլ տալով գործունեությունն իրականացնել՝ անկախ օտարերկրյա պետություններից ստացվող օգնությունից։

Հունաստանի վարչապետն այս ելույթով հանդես է եկել՝ իր կողմից ուրբաթ օրը վերաձևավորված նախարարների խորհրդին վստահություն հայտնելու համար հրավիրված խորհրդարանի նիստում։ Սպասվում է, որ կառավարությանը վստահություն հայտնելու վերաբերյալ քվեարկություն կանցկացվի գալիք երեքշաբթի օրը։ Հունաստանի խորհրդարանում, որն ունի պատգամավորական 300 տեղ, սոցիալիստներն ունեն չնչին՝ 5 տեղի մեծամասնություն։

Վստահության քվե ստանալու դեպքում սպասվում է, որ Պապանդրեուն խորհրդարանի քվեարկությանը կներկայացնի խիստ խնայողության այն միջոցները, որոնք, ըստ միջազգային վարկատուների, պետք է իրականացվեն մինչև այս ամսվա վերջը։

XS
SM
MD
LG