Մատչելի հղումներ

Հունաստանի կառավարություն. «Բյուջեի պակասորդը կնվազի` չնայած տնտեսական դժվարությունների»


Հունաստանի կառավարություն. «Բյուջեի պակասորդը կնվազի` չնայած տնտեսական դժվարությունների»

Հունաստանի կառավարությունը կանխատեսում է, որ հաջորդ տարի երկրի բյուջեի պակասորդը զգալիորեն կնվազի նույնիսկ այն դեպքում, եթե երկրի տնտեսությունում շարունակվելու է անկումը, իսկ գործազուրկների թիվը կավելանա:

Հունաստանի անցումային շրջանի կառավարությունն ուրբաթ օրը երկրի խորհրդարանին է ներկայացրել 2012 թվականի բյուջեն` դրանում ներառված ֆինանսական խիստ խնայողության միջոցներով: Կառավարության համաձայն, անհրաժեշտ է հնարավորինս արագ ընդունել ծախսերի կրճատման ծրագիրը, որպեսզի երկիրը կարողանա ստանալ իր պարտքային պարտավորություններով անվճարունակությունից խուսափելու նպատակով 11 միլիարդ կազմող հերթական տրանշը:

Ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսն ասել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ներկայացված ժողովրդավարություն չվայելող միջոցներից` հարկերի բարձրացումից, ծախսերի և պետական աշխատատեղերի կրճատումից բացի երկրում խնայողության այլ միջոցների գործադրման անհրաժեշտություն չի լինի: Նրա համաձայն, այս տարի երկրի ՀՆԱ-ի 9 տոկոսը կազմող բյուջեի պակասորդի ծավալից գալիք տարի նույն ցուցանիշը կկազմի 5,4 տոկոս` հիմնականում այն պատճառով, որ Եվրոպայի բանկերը համաձայնվել են ներել Հունաստանի պարտքերի գրեթե 50 տոկոսը:

Հունաստանում ձեռնարկված խիստ խնայողության միջոցներն արդեն իսկ դարձել են երկրում արձանագրված տնտեսական կտրուկ անկման պատճառը: Հունաստանում տնտեսական անկումն այս տարի կազմել է 5,5 տոկոս, և սպասվում է, որ 2012 թվականին ևս կգրանցվի անկում` 2,8 տոկոսի չափով:

Երկրի կառավարության հաշվարկների համաձայն, ներկայիս 15 տոկոս կազմող գործազրկությունը հաջորդ տարի կավելանա` կազմելով 17 տոկոս:

XS
SM
MD
LG