Մատչելի հղումներ

Հունաստանում շարունակվում են իշխանության բաժանման շուրջ բանակցությունները


Հունաստանում շարունակվում են իշխանության բաժանման շուրջ բանակցությունները

Հունաստանի կուսակցությունների առաջնորդները երեքշաբթի օրը շարունակել են բանակցությունները՝ ջանքեր գործադրելով ժամանակավոր կառավարություն ստեղծելու ուղղությամբ:

Եվրոպական պետությունների ֆինանսների նախարարները, որոնք երկուշաբթի օրը հանդիպում են անցկացրել Բրյուսելում՝ քննարկելու Հունաստանին 11 միլիարդ դոլար փոխանցելու խնդիրը, որոշում են կայացրել ֆինանսական օգնության փոխանցումը կատարել Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի և ընդդիմության առաջնորդ Անտոնիս Սամարասի միջև անցումային կառավարության ձևավորման և ֆինանսական օգնության տրամադրման մասին համաձայնագրին հավատարիմ մնալու վերաբերյալ որոշումները կայացնելուց հետո:

Երկու քաղաքական գործիչների միջև ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անջձին ընտրելու շուրջ բանակցություններն ընթանում են նախատեսվածից դանդաղ: Որպես հնարավոր թեկնածու քննարկվում է Եվրոպական կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Լուկաս Պապադեմոսի թեկնածությունը:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը ողջունել է նոր կառավարություն ստեղծելու շուրջ Հունաստանում ձևավորված համաձայնությունը և կոչ է արել արագացնել ֆինանսական բարեփոխումների իրականացումը:

Հիշեցնենք, որ Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն համաձայնվել է հրաժարական ներկայացնել՝ ստեղծելու համար կարճաժամկետ կոալիցիոն կառավարություն, որը նպատակ է հետապնդելու համաձայնության հասնել Եվրոպական Միության կողմից տրամադրվող ֆինանսական օգնության նոր գործարքի շուրջ:

Կոալիցիոն կառավարությունը կգործի մինչև նոր ընտրություններ, որոնք կարող են անցկացվել հաջորդ տարվա մարտ ամսին:

Հունաստանում քաղաքական ճգնաժամը հրահրվել է Գերոգիոս Պապանդրեուի կողմից անցյալ շաբաթ արված անսպասելի հայտարարությամբ, որի համաձայն ինքը ցանկացել է հանրաքվեի դնել Եվրամիության և Հունաստանի միջև ֆինանսական օգնության համաձայնության պայմանները: Այս հայտարարությունը ցնցում էր առաջացրել ինչպես Հունաստանում, այնպես էլ Եվրամիությունում:

Պապանդրեուն հրաժարվել է ֆինանսական օժանդակության գործարքի հարցով հանրաքվե անցկացնելու մտադրությունից Եվրամիության, ինչպես նաև Հունաստանի կառավարության և խորհրդարանի կողմից գործադրված ճնշման ազդեցության տակ:

XS
SM
MD
LG