Մատչելի հղումներ

Հունաստանում շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները


Հունաստանում շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հինգշաբթի օրը շարունակվել են բողոքի ցույցերը՝ երկրի կառավարության կողմից ֆինանսական խիստ խնայողության նոր միջոցառումների վերաբերյալ ավարտական քվեարկություն անցկացնելուն ընդառաջ:

Հունաստանում մեծամասնություն կազմող Սոցիալիստական կուսակցության օրենսդիրներն արդեն նախնական հավանության են արժանացրել հարկերի բարձրացման և պետական հատվածում աշխատատեղերի կրճատման ծրագրերին:

Աթենքի Սինտագմա հրապարակում չորեքշաբթի օրը հավաքվել էր 100 հազար ցուցարար: Քաղաքի փոխողցներում շարունակվել են քարեր և դյուրավառ հեղուկով լցված շշեր նետող ցուցարարների բախումները ոստիկանության ուժերի հետ, որոնք արցունքաբեր գազ և խլացնող նռնակներ են կիրառել ցուցարարների դեմ:

Բողոքի ցույցերը շարունակվել են նաև Հունաստանի այլ քաղաքներում:

Երկրում շարունակվող համընդհանուր գործադուլի պատճառով քաղաքի փողոցներում կուտակվել են աղբի հսկա կույտեր, փակվել զբոսաշրջային վայրերը և դադարեցվել կառավարական մարմինների գործունեությունը:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը չորեքշաբթի օրը հանդիպում են անցկացրել Ֆրանկֆուրտում՝ կիրակի օրը Բրյուսելում կայանալիք Եվրոպական Միության գագաթաժողովին ընդառաջ պարտքային ճգնաժամը քննարկելու նպատակով:

Հունաստանի տնտեսությունն արդեն երրորդ տարին անկում է ապրում: Երկրում գործազրկության մակարդակը հուլիս ամսին կազմել է 16,5 տոկոս: Գործազուրկների հիմնական մասը կազմում են երիտասարդները, որոնց թվում գործազրկության ցուցանիշներն է՛լ ավելի բարձր են:

XS
SM
MD
LG