Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի թագուհին այցելել է Հյուսիսային Իռլանդիա


Հյուսիսային Իռլանդիա կատարվող ներկայիս այցը Մեծ Բրիտանիայի թագուհու արդեն 20-րդ այցն է՝ 1952 թվականին գահին բարձրանալու ժամանակից

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթը ժամանել է Հյուսիսային Իռլանդիա՝ մեկնարկելով գահին բարձրանալու 60-րդ տարեդարձին, ինչպես նաև 1998 թվականին ստորագրված խաղաղության մասին համաձայնագրին նվիրված երկօրյա այցը:

86-ամյա թագուհին և իր ամուսին, արքայազն Ֆիլիպը երեքշաբթի օրը ժամանել են ծովափնյա փոքր Էնիսքիլեն գյուղ, որտեղ Մեծ Բրիտանիայի միապետին ողջունել են գյուղի բնակիչները: Թագուհին չէր կարողացել ժամանել Բելֆաստի օդանավակայան՝ եղանակային վատ պայմանների պատճառով:

Էնիսքիլեն գյուղը եղել է Մեծ Բրիտանիայի իշխանության դեմ Իռլանդիայի հանրապետական բանակի կողմից մի քանի տասնյակ տարիների ընթացքում վարած պայքարի ամենաարյուն ոտ իրադարձությունների վայրը: Իռլանդիայի հանրապետական բանակի կողմից 1987 թվականին Մեծ Բրիտանիայի վարած պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված արարողության ընթացքում գործարկված ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդ: Այս իրադարձությունը ցնցել է ամբողջ աշխարհը և դարձել խաղաղության լուրջ բանակցությունների դրդապատճառը:

Եղիսաբեթ թագուհին չորեքշաբթի օրը ժամանելու է Բելֆաստ, որտեղ առանձնազրույց կունենա Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարարի պաշտոնը զբաղեցնող՝ Իռլանդիայի հանրապետական բանակի նախկին առաջնորդ Մարտին ՄըքԳինեսի հետ:

Իռլանդիայի հանրապետական բանակի քաղաքական թև հանդիսացող «Սին Ֆեյն»-ը շարունակում է դեմ հանդես գալ Հյուսիսային Իռլանդիայում Մեծ Բրիտանիայի կառավարման:
Հյուսիսային Իռլանդիա կատարվող ներկայիս այցը Մեծ Բրիտանիայի թագուհու արդեն 20-րդ այցն է՝ 1952 թվականին գահին բարձրանալու ժամանակից:
XS
SM
MD
LG