Մատչելի հղումներ

Խորհրդային Միության Փլուզում, մաս երկրորդ. Գորբաչովի արտաքին քաղաքականությունը նպաստել է Խորհրդային Միության փլուզման


2011 թվականի դեկտեմբերին նշվել է Խորհրդային Միության փլուզման 20-ամյակը: Խորհրդային Միության վերջին ղեկավարի՝ Միխայիլ Գորբաչովի ներքին բարեփոխումները նպաստեցին Խորհրդային Միության կործանմանը:

Միխայիլ Գորբաչովը Խորհրդային Միության նախագահ դարձավ վաղ 1985 թվականին՝ ներկայանալով որպես նոր սերնդի ղեկավար:

Մոսկվայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Թոմաս Փիքերինգի համաձայն, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը Ռուսաստան այցելելուց անմիջապես հետո նախագահ Ռեյգանին հայտնել էր թե Գորբաչովը այն մարդն է, «ում հետ կարող ենք գործ ունենալ»:

Ըստ վերլուծաբանների՝ Գորբաչովը հասկանում էր, որ Խորհրդային Միությունն այլևս չի կարող օգտագործել ռազմական ուժը արտաքին աշխարհում իր ազդեցությունը մեծացնելու համար: Նա գիտակցեց, որ ռազմական ուժը որոշ ոլորտներում պետք է պակասեցնել:

Այդ ոլորտներից էր Աֆղանստանը, որտեղ խորհրդային ուժերը մոջահեդների դեմ պայքարում էին 1979թ. Դեկտեմբերից ի վեր:

Դեսպան Փիքերինգի խոսքերով՝ խորհրդային ուժերը հետ քաշելու Գորբաչովի որոշումը ուղերձ էր աշխարհին, որ Մոսկվան ձախողվել է:

«Կարծում եմ, սա նաև մեզ ցույց տվեց, որ դիվանագիտական խնդիրներում ռազմական լուծումները միշտ չեն տալիս ցանկացած արդյունքը», - նշել է Փիքերինգը:

Խորհրդային վերջին զինվորը լքեց Աֆղանստանը 1989 թվականի փետրվարի 15-ին:

Վերլուծաբաններն նշել են նաև, որ Գորբաչովի արտաքին քաղաքականությունը լուրջ ազդեցություն ունեցավ Արևելյան Եվրոպայի վրա, ուր մարդիկ սպասում էին կոմունիստական կուսակցության իշխանության ավարտին: Գորբաչովը հստակեցրեց, որ ռազմական եղանակով չի միջամտի ազգային անկախության պահանջներին վերջ տալու գործընթացին:

Դեսպան Փիքերինգի համաձայն, «խորհրդային ղեկավարները չէին ցանկանում նորից ռազմական ուժ կիրառել Արևելյան Եվրոպայում՝ կոմունիստական գաղափարները և կարգը հարկադրելու համար»:

1989 թվականին Բեռլինի պատը փլուզվեց հիմնականում շնորհիվ Գորբաչովի չմիջամտելու քաղաքականության:

Եվ, ըստ Փիքերինգի, Արևելյան Եվրոպայում իրադարձություններն ունեցան նաև այլ հետևանքներ:

«Հիշարժան է, թե ինչպես դա եկավ՝ հասավ Խորհրդային Միության դարպասներին, ապա օգնեց ազատելու 15 հանրապետությունները, որոնք այս կամ այն ճանապարհով պատրաստ էին անկախանալու», - ասում է դեսպանը:

1990 թվականի հոկտեմբերին Գորբաչովին շնորհվեց Նոբելյան մրցանակը, տասնչորս ամիս անց նա հրաժարվեց Խորհրդային Միության նախագահի պաշտոնից, ըստ փորձագետների՝ զոհը դառնալով իր իսկ սանձազերծած անվերահսկելի ուժերի, որոնք այլևս անհնար էր սանձահարել։

Ազգային անվտանգության նախկին խորհրդական գեներալ Բրենթ Սքոուքրոֆտի խոսքերով՝ Գորբաչովի ժառանգությունը Խորհրդային միության և կոմունիստական կուսակցության անհայտացումն է:

«Քանի որ, եթե նա ուրիշ տեսակի մարդ լիներ, ասենք՝ մեկ այլ Բրեժնև, համակարգը կարող էր գոյատևել դեռ որոշ ժամանակ: Կարծում եմ՝ ի վերջո այն կփլուզվեր, սակայն այն չպետք էր փլուզվեր այն ժամանակ, երբ փլուզվեց», - ասում է Սքոուքրոֆտը:

Տարօրինակն այն է, որ իր երկրում Գորբաչովը հաճախ է քննադատվում կոմունիզմը խորտակելու համար, սակայն Արևմուտքում հերոս է համարվում:

XS
SM
MD
LG