Մատչելի հղումներ

Ոստիկանության այցելություն՝ «Google»-ում որոնման հետևանքով


Նյու Յորք նահանգում բնակվող բանաստեղծուհին կարծում է, որ «Google» որոնման համակարգում կատարված անմեղ հարցումները ահաբեկչության մեջ կասկածների հիմք են դարձել

Նյու Յորք նահանգի Լոնգ Այլենդ քաղաքում բնակվող բանաստեղծուհու զարմանքն էր առաջացրել իր տուն իրավապահ մարմինների ծառայողների այցը: Պարզվեց, որ իրավապահ մարմինների կասկածն էին առաջացել բանաստեղծուհու և նրա ամուսնու կողմից «Google» որոնման համակարգում «ուսապարկ» և «շուտեփուկ» բառերով կատարված որոնումները:

Բանաստեղծուհի Միշել Կատալանոն իր բլոգում գրել էր, թե պարզապես փորձում էր գտնել ոսպի պատրաստման մի նոր եղանակ:

«Շուտեփուկ» ու «ուսապարկ» բառերը դարձել են կասկածելի այս տարվա ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, երբ հարձակումն իրականացրած Ցառնաև եղբայրները մարաթոնի ֆինիշային գծի մոտ տեղադրել էին ուսապարկեր, որոնցում գտնվող շուտեփուկները պայթուցիկ նյութ էին պարունակում: Պայթյունների հետևանքով զոհվել էր երեք մարդ, մոտ 300 մարդ վնասվածքներ էր ստացել:

Միշել Կատալանոն իր բլոգում գրել էր, թե միմյանցից անկախ որոնվող բառերի համակցությունն էր տեղիք տվել ահաբեկչական գործունեություն իրականացնելու մեջ կասկածանքների:

«Ես շուտեփուկներ էի որոնում, ամուսինս՝ ուսապարկեր: Հավանաբար, այլ ժամանակ այս երկու իրերն անմեղ կթվային, սակայն ոչ ներկայում ձևավորված «այսպիսի» իրավիճակում», - գրել է Կատալանոն:

Սաֆոլկ շրջանի ոստիկանությունը սակայն իրադարձությունների այլ վարկած էր ներկայացրել: Ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, թե քրեական հանցագործությունների բաժնի քննիչները հաղորդագրություն էին ստացել համակարգչային ընկերություններից մեկից այն մասին, որ ընկերության նախկին աշխատողներից մեկն իր աշխատանքային համակարգչից կասկածելի հարցումներ էր կատարում:

«Այս հարցումներից էր «շուտեփուկից պատրաստված ռումբ»-ն ու «ուսապարկ»-ը: Շրջանային ոստիկանության քննիչներն այցելել էին ընկերության նախկին աշխատողի բնակարանը՝ եզրակացնելով, որ պատահարը քրեական որևէ բնույթ չէր կրում», - նշված է շրջանային ոստիկանության հայտարարության մեջ:
XS
SM
MD
LG