Մատչելի հղումներ

Ոսկու գինը կտրուկ նվազում է գրանցել


Վերլուծաբանների համաձայն, ներկայում առկա է ոսկու գնի անկման մի քանի պատճառ, որոնցից են ԱՄՆ-ի արժեթղթերի շուկայում ցուցիչների վերջերս գրանցված ռեկորդային բարձր մակարդակը

Համաշխարհային շուկաներում գրանցվել է ոսկու գների կտրուկ անկում, քանի որ ներդրողները, ըստ էության, կարծում են, որ թանկարժեք այս մետաղը ներդրումների գրավիչ միջոց այլևս չի հանդիսանում:

Ոսկու գինը նախօրեին վաճառքների արդյունքներով նվազել է՝ հատելով 1 ունցիայի դիմաց 1400 դոլար շեմը, որը զգալիորեն ցածր է, քան 2011 թվականի օգոստոսին գրանցված 1900 դոլարից՝ 1 ունցիայի դիմաց ցուցանիշը:

Ոսկու գների անկումը շատ ավելի կտրուկ էր հատկապես վերջին օրերին. անցյալ ուրբաթ այն նվազել էր 5, իսկ երկուշաբթի օրը՝ 8 տոկոսով:

Ոսկին հաճախակի օգտագործվում է որպես սղաճի դեմ պաշտպանության, ինչպես նաև մեծ կարողությունների հեջավորման միջոց: Վերլուծաբանների համաձայն, ներկայում առկա է ոսկու գնի անկման մի քանի պատճառ, որոնցից են ԱՄՆ-ի արժեթղթերի շուկայում ցուցիչների վերջերս գրանցված ռեկորդային բարձր մակարդակը, ներդնողների կողմից գումար արագ վաստակելու ցանկությունը, ինչպես նաև ԱՄՆ-ում գնաճի ավելացման մտավախությունների նվազեցումը:

Միաժամանակ, ներդնողների մտահոգությունն է առաջացնում Կիպրոսի կողմից ոսկու ավելի քան 500 միլիոն դոլար ծավալով պաշարների վաճառքի մտադրության մասին արված հայտարարությունը: Առաջատար ֆինանսական խորհրդատուներից մեկը՝ «Գոլման Սաքս» ընկերությունը, խորհուրդ է տվել ներդրողներին վաճառել իրենց մոտ առկա ոսկու պաշարները:

Վերջին օրերին անկում են գրանցել նաև արծաթի, պլատինի և պալադիումի գները:
XS
SM
MD
LG