Մատչելի հղումներ

Վրաստանը կարող է վերսկսել Սոչիի օլիմպիական խաղերի բոյկոտը


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին զգուշացրել է, որ Վրաստանը կարող է վերանայել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում մասնակցության մասին ընդունված որոշումը

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին զգուշացրել է, որ Վրաստանը կարող է վերանայել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում մասնակցության մասին ավելի վաղ ընդունված որոշումը, եթե Ռուսաստանը չշտկի իր կողմից թույլ տված «սխալները»:

«Ասոշիեյթիդ Փրես» գործակալությանը տված հարցազրույցում Վրաստանի վարչապետը նշել է, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բոյկոտը, որից Վրաստանն այս տարվա մայիսին որոշել էր հրաժարվել, կարող է վերսկսվել՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից ձեռնարկված մի շարք գործողություններ:

«Հուսով եմ՝ սխալները կշտկվեն և մենք կկարողանանք Սոչի ուղարկել մեր մարզիկներին: Սակայն եթե զգանք, որ Օլիմպիական խաղերում մասնակցությունը մեր պատվից ցածր է լինելու, ապա չեմ բացառում, որ մենք կհրաժարվենք այս միջոցառմանը մասնակցելուց», - ասել է Վրաստանի վարչապետը:

Ասոշիեյթիդ Փրես»-ի համաձայն, Վրաստանի իշխանությունների վրդովմունքն առաջացրել է Ռուսաստանի կողմից սահմանային ցանկապատի կառուցման հանգամանքը, ինչի հետևանքով, ըստ Վրաստանի իշխանությունների, «Մոսկվան Վրաստանից կտրել է տարածքի մի մասը»:

Ըստ գործակալության, Վրաստանի իշխանությունների զայրույթն առաջացրել էր նաև այն հանգամանքը, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի օլիմպիական կրակի առաքման էստաֆետի մասնակիցներից մեկը եղել է 2008 թվականին Վրաստանի դեմ ուղղված ռազմական գործողություններին մասնակցած ռազմական օդաչուներից մեկը:
XS
SM
MD
LG