Մատչելի հղումներ

Վրաստանում անցկացվել է նորընտիր նախագահի երդմնակալությունը


Նախագահ Մարգվելաշվիլին խոստացել է ամրապնդել Վրաստանի հարաբերություններն Արևմուտքի հետ և հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորություններին

Վրաստանում կիրակի օրն անցկացվել է երկրի նոր նախագահ, 44-ամյա փիլիսոփա և երկրի համալսարաններից մեկի նախկին ռեկտոր Գիորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունը, որի ընթացքում երկրի նորընտիր նախագահը խոստացել է ամրապնդել Վրաստանի հարաբերություններն Արևմուտքի հետ և հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորություններին:

Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությամբ ավարտի է հասցվել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մոտ տասը տարի տևած պաշտոնավարումը, որի ընթացքում Սահակաշվիլին ամրապնդել է Վրաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և ճանապարհ հարթել եվրոպական ինտեգրման ուղղությամբ:

Վրաստանի նոր նախագահ Մարգվելաշվիլին չունի քաղաքական մեծ փորձ, և շատերը համարում են, որ Մարգվելաշվիլին անցյալ ամիս երկրում անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում հաղթանակ է տարել Վրաստանի վարչապետ, միլիարդեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից գործադրված ջանքերի շնորհիվ, որի «Վրացական երազանք» դաշինքն անցյալ տարվա խորհրդարանային ընտրություններում հաղթանակ էր տարել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության նկատմամբ:

Բրյուսելում արդեն մեկ շաբաթից ավելի գտնվող Սահակաշվիլին սակայն հրաժարվել է Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանունն այցելելուց՝ այս որոշումը հիմնավորելով իր կառավարության մի քանի նախարարների և իր գլխավորած «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամների նկատմամբ քրեական գործ հարուցելու հանգամանքով:

Վարչապետ Իվանիշվլին ավելի վաղ տեղեկացրել էր, որ այս ամիս պաշտոնավարումն ավարտելուց հետո նախատեսվում է անցկացվել Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի հարցաքննությունը:

Եվրամիության պաշտոնյաները վերջերս զգուշացրել էին Իվանիշվիլիին իրավունքի գերակայության սկզբունքը հարգելու և «վրեժխնդրության քաղաքականությունից» խուսափելու անհրաժեշտության մասին:

Վրաստանի վարչապետն այս ամսվա սկիզբ որպես իր իրավահաջորդ առաջարկել էր նշանակել մոտ դաշնակից, երկրի ներքին գործերի նախարար Իրաքլի Ղարիբաշբլիին:

Ղարիբաշբլիին վարչապետի պաշտոնում դեռևս պետք է հաստատվի Վրաստանի խորհրդարանի և նորընտիր նախագահ Մարգվելաշվիլիի կողմից: Շատերը սակայն ձևական են համարում այս երկու քայլերը, քանի որ վարչապետ Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքը գերիշխող դիրք է զբաղեցնում երկրի խորհրդարանում, իսկ երկրի նորընտիր նախագահը Իվանիշվիլիի մոտ դաշնակիցներից է:

Վրաստանի բնակիչներից շատերն ակնկալում են, որ Իվանիշվիլին երկրի վարչապետը լքելուց հետո ևս կշարունակի քաղաքական մեծ ազդեցություն պահպանել Վրաստանում:
XS
SM
MD
LG