Մատչելի հղումներ

Ազատազրկման է դատապարտվել Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը


Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայա (արխիվային լուսանկար)
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայա (արխիվային լուսանկար)

ԵՄ-ի պաշտոնյաները վերջերս զգուշացրել են Իվանիշվիլիին իրավունքի գերակայության սկզբունքը հարգելու և «վրեժխնդրության քաղաքականությունից» խուսափելու անհրաժեշտության մասին

Վրաստանում դատարանը երկուշաբթի օրը երեք տարի և ինն ամիս ազատազրկման է դատապարտել երկրի ներկայիս նախագահ Միխեիլ Սահակաշվլիի կառավարությունում պաշտպանության նախարարի պաշտոնը նախկինում զբաղեցրած Բաչո Ախալայաին:

Պաշտպանության նախկին նախարար Ախալայան դատապարտվել է 2006 թվականին Վրաստանի բանտերից մեկում ապստամբության ճնշման ընթացքում չափազանց մեծ ուժ գործադրելու մեջ, որի հետևանքով զոհվել է յոթ, վնասվածքներ ստացել՝ 22 մարդ:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվլիի գլխավորած «Վրացական երազանք» կուսակցության կողմից Վրաստանում անցյալ տարվա հոկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթական տանելուց հետո քրեական գործեր են հարուցվել երկրի նախագահ Սահակաշվիլիի գլխավորած «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ, նախկինում պետական պաշտոններ զբաղեցրած մի շարք անձանց դեմ:

Վարչապետ Իվանիշվլիի համաձայն, գալիք ամիս պաշտոնավարումն ավարտելուց հետո կհարցաքննվի նաև Վրաստանի ներկայիս նախագահ Սահակաշվիլին:

Եվրամիության պաշտոնյաները վերջերս զգուշացրել էին Իվանիշվիլիին իրավունքի գերակայության սկզբունքը հարգելու և «վրեժխնդրության քաղաքականությունից» խուսափելու անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք, որ այս ամսվա կեսերին Ֆրանսիայում ձերբակալվել էր Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը նախկինում զբաղեցրած Դավիթ Կեզերաշվիլին:

Կեզարիշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ընթացքում: Թբիլիսիի դատարանն այս տարվա փետրվարին Կեզերաշվիլիին հեռակա կարգով ձերբակալելու կարգադրություն էր արձակել՝ կաշառակերության մեղադրանքներով, որից հետո նրա հետախուզությամբ զբաղվել է Ինտերպոլը:
XS
SM
MD
LG