Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ժամանել է Մոլդովա


Ուլյամ Հեյգ. «Այս շաբաթ այցելություն եմ կատարում Մոլդովա, Ուկրաինա և Վրաստան՝ ցուցադրելու համար ժողովրդավարական այս երկրներին մեր կողմից տրամադրվող աջակցությունը»

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը ժամանել է Մոլդովա՝ մեկնարկելով տարածաշրջանային շրջագայությունը, որի ընթացքում արտգործնախարարը կայցելի նաև Ուկրաինա և Վրաստան:

«Այս շաբաթ այցելություն եմ կատարում Մոլդովա, Ուկրաինա և Վրաստան՝ ցուցադրելու համար ժողովրդավարական այս երկրներին մեր կողմից տրամադրվող աջակցությունը», - ասված է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, որտեղ արտգործնախարար Հեյգը տեղեկացնում է նաև, որ ծրագրում է նաև այցելել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Եվրոպայի Խորհրդի կայանալիք հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

«Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը հսկա ջանքեր են գործադրել՝ կառուցելու համար ազատ հասարակություն, և նրանք արժանի են մեր աջակցությանը: Նրանք, բոլոր դեպքերում, պետք է իրականացնեն զգալի բարեփոխումներ՝ երաշխավորելու համար օրենքի գերակայությունը և տնտեսական զգալի զարգացումը, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում», - նշել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:

Արտգործնախարար Հեյգի համաձայն, Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանն այժմ հսկա ճնշում է գործադրում՝ փորձելով ապակայունացնել երկիրը, հրահրել բռնություններն ու խոչընդոտել երկրում այս ամիս ավելի ուշ ընտրությունների անցկացումը:

«Ուկրաինայի ժողովուրդը ցանկանում է այն, ինչ ցանկանում են ամենուրեք ապրող մարդիկ՝ ապրել ազատ երկրում, որտեղ օրենքը վերաբերում է բոլորին, այնպիսի Ուկրաինայում, որտեղ մարդիկ ունեն իրենց արժանապատիվ կյանքը կառուցելու հնարավորություն, այլ ոչ թե կոռուպցիայի պատճառով թալանված տնտեսության պայմաններում: Մենք սատարում ենք առավել լավ Ուկրաինա ստեղծելուն ուղղված նրանց ջանքերը» - շեշտել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:

Ուիլյամ Հեյգի համաձայն, Ուկրաինա կայանալիք այցի ընթացքում նա հորդորելու է այս երկրի կառավարությանը իրականացնել երկրի համար մեծ կարևորություն ունեցող բարեփոխումներ և վստահեցնելու է, որ Մեծ Բրիտանիան գործնական օգնություն կտրամադրի երկրին:

«Քննարկելու եմ մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունների ծրագրերը և հանդիպումներ կանցկացնեմ նախագահական առաջատար երեք թեկնածուների հետ՝ լսելու համար նրանց կարծիքն այն մասին, թե ինչպես երկարաժամկետում լավագույնս երաշխավորել Ուկրաինայի՝ որպես հաջողակ, անկախ, միասնական և ինքնիշխան պետության ապագան», - ասված է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հայտարարության մեջ:
XS
SM
MD
LG