Մատչելի հղումներ

Վախճանվել է Վացլավ Հավելը


Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Գավել (արխիվային լուսանկար)
Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Գավել (արխիվային լուսանկար)

75 տարեկան հասակում իր առանձնատնում վախճանվել է Չեխոսլովակիայում 1989 թվականի հակակոմունիստական հեղափոխության առաջնորդ, այլախոհ գրող և Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից երեք տարի առաջ Պրահայում ծնված Գավելը հետապնդվել է 1948 թվականին իշխանության գլուխ անցած կոմունիստների կողմից, քանի որ իր ծնողներն ունևոր են եղել: Այդ իսկ պատճառով Հավելին չի հաջողվել համալսարանական կրթություն ստանալ:

Վացլավ Հավելը ճանաչված է դարձել խորհրդային հրասայլերով լխճված «Պրահայի գարնան» ժամանակ Չեխոսլովակիայի բազմաթիվ թատրոններում բեմադրված պիեսների շնորհիվ: Հետագայում Հավելը փոխել է իր ոճը՝ սկսելով գրել ժողովրդավարական բարեփոխումները սատարող և դրանց կողմնակիցների դեմ ուղղված հետապնդումները քննադատող հոդվածներ և ճառեր, որոնք հրապարակվել են արտասահմանում: Այս նյութերի շնորհիվ Հավելը ձեռք է բերել կոմունիզմի ամենախիստ քննադատներից մեկի համբավը:

70-ականների սկզբին Հավելն ակտիվացրել էր իրավապաշտպան իր գործունեությունը, ինչի պատճառով ինքը երկար տարիներ անցկացրել է բանտում և տնային կալանքի տակ:

1989 թվականին, Արևելյան Եվրոպայում կոմունիստական վարչակարգերի փլուզման ընթացքում Վացլավ Հավելը դարձել էր Չեխոսլովակիայի հեղափոխության անվիճելի առաջնորդը՝ նույն տարվա դեկտեմբերին ընտրվելով երկրի նախագահ:

Չեխոսլովակիայի նախագահ ընտրվելուց հետո, երբ երկիրը խաղաղ բաժանվել էր երկու պետության՝ կազմելով Չեխիայի Հանրապետությունն ու Սլովակիայի Հանրապետությունը, Հավելը ևս երկու անգամ է ընտրվել էր Չեխիայի Հանրապետության նախագահ և զբաղեցրել է այս պաշտոնը մինչև 2003 թվականը:

2006 թվականին, Կոլումբիայի համալսարանում հանդես գալով դասախոսություններով, Հավելը պատմել էր ուսանողներին, թե ինչպես էին մարդիկ տառապում կոմունիստական վարչակարգերի ճնշման տակ՝ հավելելով, որ ճնշումներին հնարավոր է հակազդել միայն ճշմարտությամբ:

Չեխիայի նախկին նախագահը հայտնել էր ուսանողներին նաև այն մասին, որ հպարտանում է Վարշավայի պայմանագրի գործունեության դադարեցման մեջ իր ունեցած մասնակցությամբ:

Վացլավ Հավելն առողջական խնդիրներ է ձեռք բերել դեռևս բանտարկության ժամանակ, երբ հիվանդացել է թոքաբորբով, սակայն այդպես էլ չի կարողացել հաղթահարել հիվանդությունը:

Հավելը շատ էր ծխում և տառապում էր շնչադադարից: 1996 թվականին թոքերի քաղցկեղի պատճառով նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել էր փրկել իր կյանքը:

Նախկին նախագահի ներկայացուցիչը կիրակի օրը հայտնել է, որ Հավելը, որի կողքը գտնվել է իր կինը, մահացել է քնի մեջ:

XS
SM
MD
LG