Մատչելի հղումներ

«Guardian» պարբերականին ստիպել են ոչնչացնել Սնոուդենից ստացված փաստաթղթեր պարունակող համակարգիչները


Հրաժարվելու դեպքում Մեծ Բրիտանիայի կառավարությունը սպառնացել է դատական գործ հարուցել պարբերականի դեմ

Բրիտանական «Guardian» պարբերականը, որը դարձել է Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունների պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի կողմից իրականացված «արտահոսքի» հիման վրա տեղ գտած բացահայտումների հիմնական հարթակը, հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Մեծ Բրիտանիայի կառավարությունը սպառնացել է դատի տալ պարբերականին, եթե այն չոչնչացնի Սնոուդենից ստացված գաղտնի փաստաթղթերը կամ չտրամադրի դրանք Մեծ Բրիտանիայի իշխանություններին:

«Guardian»-ի խմբագիր Ալան Ռասբրիջերն իր կողմից հրապարակված հոդվածում տեղեկացրել է, որ մեկ ամիս առաջ Սնոուդենի կողմից տրամադրված նյութերի հիման վրա մի քանի հոդված հրապարակելուց հետո Մեծ Բրիտանիայի պաշտոնյաներից մեկն ասել է. «Դուք բավականին զվարճացել եք: Այժմ վերադարձրեք փաստաթղթերը»:

Ռասբրիջերն այս հայտարարությամբ հանդես է եկել Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում կիրակի օրը «Guardian»-ի հեղինակ, ամերիկացի լրագրող Գլենա Գրինվալդի զուգընկեր Դեյվիդ Միրանդայի ձերբակալությունից հետո:

«Guardian»-ի խմբագիրը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի պետական մարմինների հետ անցկացված բանակցություններից հետո պարբերականի խմբագրություն է այցելել Մեծ Բրիտանիայի կառավարական կապի կենտրոնի (ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ծառայության նման գործառույթներ իրականացնող բրիտանական պետական կազմակերպության) երկու գործակալ, որոնք հետևել են Սնոուդենի կողմից նյութեր պարունակվող համակարգիչների ոչնչացման գործընթացին:

Իրադարձությունների զարգացմանը քաջատեղյակ աղբյուրներից մեկը հաստատել է, որ «Guardian»-ի աշխատողներն իսկապես ոչնչացրել են համակարգիչները՝ հատուկ ծառայությունների մասնագետների հսկողության ներքո:
XS
SM
MD
LG