Մատչելի հղումներ

Ֆրանսիան կփորձի Սիրիայի վերաբերյալ նոր բանաձև ներկայացնել ՄԱԿ-ում


Ֆրանսիա արտգործնախարարը «դահիճ» է անվանել Բաշար ալ-Ասադին

Ֆրանսիան կվերսկսի Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի միջոցով Սիրիայում ծավալված ճգնաժամին լուծում տալու ջանքերը:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը երկուշաբթի օրը հայտնել է, որ իր երկիրը նախատեսում է հանդես գալ Անվտանգության խորհրդի հանդիպում անցկացնելու առաջարկությամբ: Հանդիպումը, ըստ Ֆաբիուսի, կարող է անցկացվել նախարարների խորհրդի մակարդակով մինչև այս շաբաթվա վերջը:

Ֆրանսիային չորեքշաբթի օրը փոխանցվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահությունը:

Լորան Ֆաբիուսը, խոսելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի մասին, «դահիճ» է անվանել վերջինիս և կրկին հնչեցրել է Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և ՄԱԿ-ի կողմից Սիրիայում զանգվածային նոր ջարդի վերաբերյալ ավելի վաղ արտահայտված մտահոգությունները:


Ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհուրդը կիրակի օրը հորդորել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին անհապաղ հանդիպում հրավիրել երկրի առևտրային կենտրոն Հալեպ քաղաքում ստեղծված իրավիճակի շուրջ՝ նշելով, որ կառավարական ուժերը նախատեսում են սպանդ իրականացնել այս քաղաքում:

Անվտանգության խորհուրդը նախկինում երեք անգամ քվեարկել է Սիրիայում բախումները դադարեցնելուն ուղղված բանաձևերի շուրջ: Ռուսաստանն ու Չինաստանը սակայն յուրաքանչյուր անգամ վետոյի իրավունք են կիրառել այս բանաձևերի նկատմամբ:
XS
SM
MD
LG