Մատչելի հղումներ

«Ֆրանսիան կշարունակի ջանքեր գործադրել՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն համար». Օլանդ


Նախագահ Օլանդը նշել է, որ տարածաշրջան կատարվող իր այցի նպատակներից մեկը խաղաղ կարգավորման գործընթացն առաջ քաշելու հնարավորության քննարկումն է

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պաշտոնական այցով գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 12-ին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Նախագահ Ալիրևի հետ ունեցած հանդիպումից հետո անցկացվել է Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների մամուլի ասուլիսը, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Օլանդն ասել է, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, իրեն պատասխանատու է զգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Մամուլի ասուլիսի ժամանակ, ըստ հաղորդագրությունների, նախագահ Օլանդը շեշտել է, որ Ֆրանսիան կշարունակի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Նախագահ Օլանդը նշել է, որ տարածաշրջան կատարվող իր այցի նպատակներից մեկը խաղաղ կարգավորման գործընթացն առաջ քաշելու հնարավորության քննարկումն է:

«Ֆրանսիան բարեկամական կապեր ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, և մենք չենք կարող որևէ տարբերություն դնել այս երկու պետությունների միջև: Հիմնական նպատակն է՝ հասնել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանն ու հակամարտության կարգավորման, քանի որ այս հակամարտությունը խոչընդոտում է տարածաշրջանի զարգացմանն ու մարդկանց միջև կապերի զարգացման», - Բաքվում ասել է Ֆրանսիայի նախագահ Օլանդը:

Հանդես գալով Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկել հայտարարությամբ, ըստ որի «Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքում ստեղծել հայկական երկրորդ պետություն»:

«Հավատացած եմ, որ Ֆրանսիան և Մինսկի խմբի այլ համանախագահներ կշարունակեն գործադրել հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքեր, և այն շուտով կլուծվի», - ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ հանդես գալով Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նույն օրը՝ մայիսի 12-ին պետական այցով ժամանել է Հայաստան՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները, պաշտոնական հաղորդագրության համաձայն, այսօր կմասնակցեն հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին:
XS
SM
MD
LG